Գերտերություններն ու թուրք-ադրբեջանական տանդեմը հաշվի չեն նստում ՔՊ-ի հետ

Բոլոր ճանապարհներն ապաշրջափակվելու են Հայաստանի սուվերենության ներքո: Այդ մասին հայտարարել է ՔՊ-ական Սոնա Ղազարյանը:
Երևանի պետական լեզվաբանական համալսարանի լեզվաբանության և միջմշակութային հաղորդակցության ֆակուլտետն ավարտած Սոնա Ղազարյանը փորձում է ապացուցել ՀՀ քաղաքացիներին, որ ՔՊ-ականները չեն զիջելու ՀՀ սուվերեն տարածքներն Ադրբեջանին՝ դելիմիտացիայի և դեմարկացիայի արդյունքում Արցախը չի մնալու Ադրբեջանի կազմում:
ՔՊ-ական քաղաքական միտքը գեներացնում է լեզվաբանության ֆակուլտետի նախկին ուսանողուհին: Ադրբեջանի նախագահն օրերս հայտարարել է, որ ղարաբաղյան հարց գոյություն չունի, իսկ, այսպես կոչված, Զանգեզուրյան միջանցքով շուտով թուրքական և ադրբեջանական ապրանքներ են տարանցվելու: Դա ի գիտություն «օպտիմիստ» ՔՊ-ականների:
Հայաստանի ապաշրջափակվելու հարցերը քննարկվում և լուծվում են այլ մայրաքաղաքներում՝ Արևմուտքում, Ռուսաստանում, Թուրքիայում և Ադրբեջանում՝ ՔՊ-ականներն ուղղակի այդ որոշումների մասին տեղեկանում են, եթե այդ մայրաքաղաքներից բարեհաճում են նրանց այդ լուրերը հաղորդել: ՔՊ-ականների օրոք ՀՀ սուվերենությանը հասցվել է այնպիսի հարված, որից վերականգնվելու համար կպահանջվեն տասնամյակներ:
ՀՀ սուվերենության, Արցախի ապագայի համար այսօր պայքարում է միայն ազգային, պետականամետ ընդդիմությունն՝ երևանյան փողոցներում, մարզային ճանապարհներին՝ քննադատության արժանանալով ՔՊ-ական պատգամավորների և Իլհամ Ալիևի կողմից:
ՀՀ-ի ու Արցախի փրկության համար պայքարը, որը նախաձեռնել է ընդդիմությունը, պետք է ստանա համազգային բնույթ, որպեսզի թե գերտերությունները, թե հակառակորդ երկրները հաշվի նստեն ՀՀ դիրքորոշման և հայ ժողովրդի միասնական կամքի հետ: ՔՊ-ականների հետ հաշվի չեն նստելու, քանի որ արցախյան պատերազմի արդյունքները նրանց իշխանության քայլերի լավագույն ապացույցն են:
Վահրամ Բագրատյան