Վրաստանը՝ պայթյունի շեմին
ՌԴ արտաքին հետախուզության ծառայությունը պնդում է, որ ԱՄՆ-ն մտադիր է իշխանափոխության հասնել Վրաստանում՝ հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրություններից հետո:
Ի դեպ, Մոսկվայից ուշագրավ այս հայտարարությունը հնչեց Բրյուսելում կայացված մի ոչ պակաս շրջադարձային որոշումից ժամեր անց. Եվրամիությանը Վրաստանի անդամակցության գործընթացը դադարեցվել է։ Այս մասին հայտարարել է Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկին։
«Վրաստանի ներկայիս կառավարության մտադրությունները պարզ չեն Եվրամիության առաջնորդների համար։ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը հետքայլ է, իսկ հակաարևմտյան, հակաեվրոպական հռետորաբանությունը՝ բոլորովին անհամատեղելի ԵՄ-ին անդամակցելու նպատակի հետ»,- ասել է դեսպանը։
Արդյո՞ք երկու այս հայտարարությունները փոխկապակցված են:
Համենայնդեպս, դրանց միջև գոյություն ունի պատճառահետևանքային կապ: Եթե ԵՄ-ն որոշել է դադարեցնել ինստիտուցիոնալ շփումները Թբիլիսիի հետ, տրամաբանական է ենթադրել, որ դա արվում է Վրաստանի խորհրդարանական ընտրությունները «շիկացնելու» և դրանց միջոցով քաղաքական հարց լուծելու համար:
Ըստ այդմ, տրամաբանական է հնչում մյուս հարցը՝ արդյո՞ք ՌԴ արտաքին հետախուզության ծառայության հայտարարությունն այս պարզ վերլուծության հիմքով է արվել, թե՞ Մոսկվայում տիրապետում են կոնկրետ տեղեկատվության:
Այս հարցերի պատասխանները դեռ չունենք, բայց ստույգ Վրաստանին «թեժ» աշուն է սպասվում:
Վահրամ Բագրատյան