Դասից հետո Ադրբեջանի, Թուրքիայի դրոշով պաստառները պատռել են․ երեխան մեղք է, ինչի՞ են կպել այդ նկարներից․ Սևանի 4-րդ հիմնական դպրոցի աշխատակից

Մի քանի օր է՝ համացանցում տարածվում է մի լուսանկար, որտեղ երևում է, որ Սևանի 4-րդ հիմնական դպրոցի աշակերտները աշխարհագրության դասի ժամանակ Ադրբեջանի պատմությունն ու խոհանոցն են ներկայացրել և դրոշը տեղադրել բաց դասի ընթացքում։ MediaHub.am-ը փորձեց պարզաբանում ստանալ դպրոցի տնօրեն Սվետլանա Մաթևոսյանից, սակայն Գեղարքունիքի մարզպետարանի պաշտոնական կայնքում նշված հեռախոսահամարի զանգին պատասխանեց դպրոցի աշխատակիցներից մեկը՝ ասելով, որ չի պատրաստվում ներկայանալ, իսկ տնօրենը տեղում չէ։
Լսելով, որ աղմկահարույց դասի մասին է մեր հարցը՝ տիկինը պատասխանեց՝ աշխարհագրության դաս է եղել, որտեղ քննարկել են տարածաշրջանի պետությունները։
«Ընդամենը դաս է եղել, եթե նկարներն ուշադիր նայեք, կտեսնեք, որ երեխաները քննադատել են այդ պետություններին, նրանք Եղեռն են ներկայացրել։ Երեխան պարզապես ցույց է տվել, որ ուսումնասիրել է ամբողջ պատմությունը, չընդունեի՞նք երեխայի պատասխանը։ Քննադատությունները սկվեցին այն ժամանակ, երբ որոշ անգետներ, առանց մտածելու, մեկնաբանություններ թողեցին նկարների տակ։ Դպրոցը պարզաբանում տվել է։ Չեմ հասկանում՝ կարելի՞ է երեխաներին թիրախավորել, ոչ էլ կարելի է ուսուցիչներին թիրախավորել, ի՞նչ են արել խեղճ ուսուցիչները։ Հրաման է եկել, որ կիսամյակային ամփոփիչ աշխատանք չկա, մարդիկ մտածել են՝ ոնց կարող են հետազոտական աշխատանքին ընթացք տալ, երեխաները ստեղծագործել են, գայիք, լսեիք, եթե պետք է՝ կկրկնենք, կգա՞ք»,- ասաց աշխատակցուհին։
Տիկինը խնդրեց, որ այս հարցը քաղաքականացնել բացարձակ պետք չէ։
«Դպրոցը մեղք է, երեխան մեղք է, ինչի՞ են կպել այդ նկարներից։ Ասենք՝ այդ երեխան գերազանց սովորող է, իր դասընկերն այդքան լավ չի սովորում, ինքը պատմել է, թե Թալեաթ փաշան ով է, ինչ է արել։ Մենք միշտ հայրենասիրական միջոցառումներ ենք անում, հիմա ի՞նչ եք կարծում, եթե մեր դասն այն ենթատեքստը ունենար, որը ներկայացնում են, դրանով ի՞նչ պիտի ապացուցեինք։ Ադրբեջանի, Թուրքիայի դրոշի վրա խաչ է քաշված, դասից հետո էլ այդ պաստառները պատռել են, որ հետքը կորցնեն, մոռանանք այդ պետությունները»։
Նշենք, որ աշխատակցուհին այդպես էլ չներկայացավ՝ հորդորելով, որ կարող ենք նրան ներկայացնել որպես հայուհի։
Լիաննա Թորոսյան