Գառների լռությունը՝ մեծ ոճիրից առաջ

Գառների լռությունը՝ մեծ ոճիրից առաջ

Արցախն աջակցության և զորակցումի աղեկտուր և հուսաբեկ կանչեր է ուղղում հայ ժողովրդին՝ փրկելու իրեն ոչնչացումից։ Ի՞նչ պետք է անի այս պարագայում հայ քաղաքական դասը։ Ճի՛շտ է, արագ ինքնակազմակերպվի և արմատական լուծումների գնալով՝ փրկի իր հարյուր հազարավոր հայրենակիցներին։

Փաշինյանի և Ալիևի համատեղ սցենարով ընթանում է Արցախի հայության կոտորածի խայտառակ գործողությունը։ Վարանելու ժամանակ չկա, չկան նաև անփոխարինելի անձինք և քաղաքական ուժեր, որ սպասեն միասնական առաջնորդի ի հայտ գալուն։ Ազգային գաղափարների, սկզբունքների և ծրագրերի հիմքով գործող բոլոր կուսակցություններն ու հասարակական նախաձեռնությունները պետք է հեղեղեն փողոցները՝ վերականգնելու հայի ազգային ինքնասիրությունն ու պատվախնդրությունը, տապալելու դավադիր վարչախմբին և փրկելու հայության մնացած հատվածին։

Սփյուռքը ևս պետք է միանշանակ աջակցություն հայտնի հայաստանյան ընդդիմությանը և իր բովանդակ ռեսուրսներով նպաստի կարևորագույն համահայկական խնդրի լուծմանը, ոչ թե տեղերում մի քանի տասնյակ ակտիվիստներով անհասկանալի ցույցեր բեմադրի։ Ընդդիմության գործող առաջնորդների հանրային խոցելիության պարագայում հենց իրենք պետք է բավարար համարձակություն դրսևորեն և գտնեն փոխարինող գործիչների։ Թիրախում ոչ թե մեր հոգևոր, երևութական կամ պատմական հայրենիքն է, այլ իրականը, մնացածը, վերջինը։

Պաշտոնական Երևանը թշնամուն ոչ միայն վաղուց զիջել է իր անունից որոշումներ ընդունելու իրավունքը և դարձել սպասարկու, այլև հրաժարվում է նույնիսկ քննարկել՝ դրանք գոնե մասնակիորեն հօգուտ մեզ ծառայեցնելու հնարավորություն կա՞, թե՞ ոչ։ Հայաստանն արդեն գործոն չէ ոչ միայն ավանդական գործընկերների՝ ՌԴ-ի, ԵՄ-ի, ԱՄՆ-ի, Իրանի, Հնդկաստանի, Չինաստանի, այլև նախևառաջ՝ Բաքվի և Անկարայի համար, հետևաբար՝ մեզ հետ վարվում են ընկեցիկի պես։ Երբեմնի բարեկամական հարաբերություններն ի դերև են ելել, միակ պետական փափագն Ադրբեջանի բարեհաճությանն արժանանալն է, նրան հանկարծ չվրդովվեցնելը, անգամ Արցախին սաստելը, որ որևէ «ավելորդ արտահայտություն» չանի։

Երկու տարի առաջ թվում էր, նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերն ամենազարհուրելին է հայոց նորագույն պատմության մեջ։ Այսօր այդ իրականությանը վերադառնալն ու դրանով բավարարվելն անգամ գոհացուցիչ կլիներ։ Պնդում էին, թե հնարավորության դեպքում նույնիսկ կարող են վերաբանակցել եռակողմ հայտարարության դրույթները, ինչպես ցանկացած այլ փաստաթուղթ, խոսում էին նախկին ԼՂԻՄ-ի ապազավթման մասին։ Մինչդեռ ժամանակին հակապետական ու ազգադավ հռչակված հայտարարությունն այսօր չարյաց փոքրագույնն է թվում, այն ստորագրած անձից էլ տոտալ դժգոհություն կա ոչ թե այն կատարելու, այլ նոր զիջումների գնալու, ընդհուպ Հայաստանի տարածքները սակարկության և աճուրդի դնելու համար։

Ապաշրջափակման հանձնառություն ստանձնած Ադրբեջանն այսօր փաստացի մեկուսացրել ու ցեղասպանում է Արցախի հայությանը, Հայաստանին էլ զրկել է երբեմնի հաղորդակցական ուղիներից անգամ երկրի ներսում։ Թող գերագույն դավադիրը կոկորդ պատռի, թե Հայաստանն ինքը պիտի վերահսկի սեփական տարածքով անցնելիք բեռների անվտանգությունը։ Քանի՞ գրոշի արժեք ունի նման պնդումը, եթե այդ տարածքն արդեն իսկ թշնամին է վերահսկում։

Մոլորյալները թող կերակրվեն Փաշինյանի այն տխմար թեզով, թե քանի դեռ «Զանգեզուրի միջանցքը» հայ սահմանապահներն ու մաքսավորները չեն հսկելու, այն չի բացվի։ Իրականությունն այն է, որ այսօր մենք ոչ միայն ի զորու չենք սեփական անցակետերը վերահսկելու, այլև նույնիսկ մարդասիրական նպատակով դրանք գոնե մեկ անգամ բացելու և ծանր հիվանդներին մեկուսացումից դուրս բերելու հնարավորություն չունենք։ Եվ այս պայմաններում Փաշինյանը դեռ խոսում է մաքսակետերն ինքնուրույնաբար սպասարկելու անհրաժեշտության մասին։

 

Դավիթ Սարգսյան