ՔՊ-ականների համար ՀՀ-ի ու Արցախի ապագայի հարցերից խուսափելը՝ հոբբի է

ՔՊ-ականների համար ՀՀ-ի ու Արցախի ապագայի հարցերից խուսափելը՝ հոբբի է

Խորհրդարանական մեծամասնությունը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, «չի տրվելու ընդդիմության քաղաքական շանտաժին և չի մասնակցելու Արցախի հարցը ներքաղաքական նպատակներով օգտագործելուն ուղղված՝ ԱԺ արտահերթ նիստին»։ Այս մասին ասված է խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի տարածած հայտարարությունում:

ՔՊ-ականների համար ազգային, պետական խնդիրների մասին ցավոտ հարցերից փախչելն ու խուսափելը՝ հոբիի է: ՔՊ-ն 2018թ.-ից իշխանության է՝ իրենց օրոք արցախյան ճակատում առկա են ահռելի կորուստներ և բանակցություններում գրեթե փակուղային իրավիճակ, սակայն նրանք չեն ցանկանում գալ ԱԺ ու լսել ընդդիմության ցավոտ հարցերը:

Փաշինյանն ու թիմը ցանկանում են հասնել խաղաղության՝ թուրքերի և ադրբեջանցիների հետ՝ քաղաքական գինը կարևոր չէ՝ դա կլինի Արցախի կարգավիճակի իջեցման տեսքով կամ հայ-թուրքական հաշտեցման՝ ի վնաս Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի: Անկարայի և Բաքվի համար ՔՊ-ականների թիմը՝ գեոպոլիտիկ նվեր է, քանի որ նրանք կարող են ՀՀ-ից ու Արցախից կորզել նորանոր զիջումներ՝ դրա դիմաց տալով միայն սահմանները բացելու խոստումներ: Բաց սահմաններն անգամ հայկական տնտեսության համար փրկություն չեն, եթե իշխանության մնա ՔՊ-ականների տնտեսական բլոկը: Գործող իշխանությունները կարողանում են միայն պարգևավճարներ բաժանել՝ ոչինչ չանելու դիմաց և թանկարժեք գործուղումների մեկնել՝ արևադարձային երկրներ:

Ընդդիմությունն ԱԺ ամբիոնը պետք է ևս մեկ անգամ օգտագործի՝ ՀՀ քաղաքացիներին ցուցադրելու համար այն աղետալի ընթացքը, որի մեջ է այսօր թե Հայաստանը, թե Արցախը: Այդ աղետալի ընթացքը չի դադարելու այնքան ժամանակ, քանի դեռ Երևանում իշխանության են ՔՊ-ականները: ՀՀ քաղաքացիները պետք է ականջալուր լինեն ընդդիմության ահազանգերին, քանի որ այսօր երևանյան փողոցներում, հրապարակներում որոշվում է Հայաստանի և Արցախի գոյության, այլ ոչ թե կուսակցությունների վարկանիշների բարձրացման հարցը:

Վահրամ Բագրատյան