Ինձ ծեծելով տանջել են, վիրավորել, հետո տեսախցիկի առջև վիրակապել ձեռքս ու կոնֆետ հյուրասիրել 

Ինձ ծեծելով տանջել են, վիրավորել, հետո տեսախցիկի առջև վիրակապել ձեռքս ու կոնֆետ հյուրասիրել 

Արցախի Ներքին Սզնեք գյուղում ադրբեջանցիների վայրագությունների ու բնակիչների խոշտանգումների մասին MediaHub-ը շատ է գրել։

Նրանք, ովքեր չեն հասցրել գյուղից դուրս գալ, կա՛մ գերեվարվել են, կա՛մ մարմնական վնասվածքներով հետագայում փոխանցվել հայկական կողմին։ 

Մավրիկ Փաշայանը գյուղի տարհանման ժամանակ հաշմանդամության պատճառով չի կարողացել ոտքով հասնել Ստեփանակերտ։ Իր հորեղբոր, համագյուղացի մի քանի տարեց տղամարդկանց ու 80-ամյա Նուրվարդի հետ թաքնվել էր անտառում։ Առանց սննդի ու ջրի մնացել են 3 օր, օգնության են սպասել այնքան ժամանակ, մինչև ադրբեջանցիները նրանց հանդիպել ու կտտանքների են ենթարկել։ 

Մավրիկը MediaHub-ին պատմեց, որ իրեն ծեծել են, հրազենից վիրավորել, Նուրվարդին ծաղրել ու նվաստացրել, հետո իրեն տարել Շուշի։ Մյուսների մասին հստակ տեղեկություն չունի, գիտի, որ ոչ բոլորին են վերադարձրել։ Ենթադրում է, որ տարեց տղամարդիկ մահացած կլինեն։

«Շուշիում ինձ ստիպել են վիրավոր ձեռքերով գետնին հրում վարժություն անել, մի ոտքի վրա կանգնել։ Դա ինձ համար շատ դժվար էր, ես վիրավոր վիճակում էի, իսկ ադրբեջանցիները ծիծաղում էին ինձ վրա։ Ծեծելուց չէին հանգստանում, անընդհատ խփում էին, անգամ կրծքավանդակիս են քացով հարվածել, շունչս կտրվում էր արդեն։ Ամբողջ մարմինս ցավում էր, վերքս վիրակապված չէր։ Նման իրավիճակում ավելի լավ է մեռնել, քան ապրել»,- պատմում է 45-ամյա արցախցի տղամարդը։ 

Այդպես Մավրիկը Շուշիում մեկ շաբաթ մնացել է գերության մեջ՝ ամեն օր ենթարկվելով նվաստացումների ու խոշտանգումների։ 

Հիշում է, որ սեպտեմբերի 19-ին՝ ադրբեջանական հարձակման ժամանակ, ինքը տանն էր, գյուղացիները Սզնեքը լքել են, ով ինչպես կարողացել է։ Մի մասը անտառներով է փախչել։ Մավրիկի հարազատներն այդ ընթացքում մեքենա են փնտրել սահմանափակ կարողություններով մարդկանց ու տարեցներին տարհանելու համար, բայց քանի որ Սզնեքը շատ մոտ էր թշնամական դիրքերին, թշնամին արագ գրավել է գյուղը։

Ավելի ուշ ադրբեջանական տելեգրամյան ալիքներում տեսել են, որ Մավրիկը գերության մեջ է, իսկ ադրբեջանցիները խնամքով փաթաթում են նրա վիրավոր ձեռքը։ «Հենց նրանք են վիրավորել ձեռքս, ինձ տանջել են, հետո միացրել տեսախցիկը, կոնֆետ հյուրասիրել, սրսկել ու նկարել, իբր՝ «տեսեք-տեսեք, մարդասեր ենք»»,- հիշում է այդ կեղծ մարդասիրությունը Մավրիկը:

Սեպտեմբերի 26-ին Կարմիր խաչի միջոցով Մավրիկը հանձնվել է հայկական կողմին։

Հարազատների խոսքով՝ քայլել չէր կարողանում, իսկ մարմնի վրա բռնության հետքեր՝ որքան ասես։

Ադրբեջանական գերությունից վերադառնալուց հետո այժմ մեր զրուցակիցը բուժում է ստանում Երևանում․ նրան խնամում է եղբոր կինը: 

Հունան Թադևոսյան