Աղքատության ուրվականը

Աղքատության ուրվականը

Հացն է թանկացել. պաշտոնապես հացի գինը մեկ ամսվա ընթացքում 3 տոկոսով բարձրացել է: Վերջին օրերին հացի գինը 20-30 դրամով բարձրացել է: Միաժամանակ թանկացել են նաև ալյուրն ու մակարոնեղենը: Օրինակ ալյուրի գինը մեկ տարվա ընթացքում բարձրացել է 10.8 տոկոսով, իսկ մակարոնեղենը՝ 18.2 տոկոսով: Թանկացել են նաև բրինձը, հաճարը, ոսպը, հնդկացորենը: Օրինակ բրինձը թանկացել է 4.6 տոկոսով: Կարագի գինն է մեկ ամսվա ընթացքում բարձրացել՝ 4.1 տոկոսով, թարմ կաթը թանկացել է 2.1 տոկոսով:

Համաշխարհային գլոբալ հակադրության հետևանքով՝ գնաճը դարձել է տնտեսության հիմնական խնդիրը։
Աշխարհի բոլոր երկրներում այս խնդիրը կա ու կառավարությունները մշակում են ոչ ստանդարտ քայլեր՝ սոցիալական լարվածությունը կանխելու, աղքատության դեմ պայքարելու համար։ Ի՞նչ անում Հայաստանի կառավարությունը։ ԱԺ-ում մերժում է ընդդիմության բոլոր առաջարկությունները, որոնք ուղղված են նվազագույն աշխատավարձի բարձրացմանը։ Պատճառաբանությունը ստանդարտ է՝ բյուջեում համապատասխան միջոցներ չկան։

Այս հարցում կառավարությունը, թերևս, չի խաբում։ Բայց եթե այս փաստարկը ճիշտ է, ապա բարոյական կլիներ առնվազն սառեցնել «կլորիկ» պարգևավճարների վճարումն իշխանության բարձրաստիճան պաշտոնյաներին, նախարարներին, պատգամավորներին։ Հակառակ պարագայում՝ տպավորություն է ստեղծվում, որ Նիկոլ Փաշինյանի թիմը նույնիսկ «ժանտախտի» ժամանակ մտածում է իր բարեկեցության մասին՝ անտերության մատնելով հասարակությանը, նրա դարդն ու ցավը։

Կառավարությունը չի վերանայում նաև բյուջետային ծախսերը։ Դրա հետևանքով՝ երկիրը կարող է կանգնել ֆորս-մաժորային իրավիճակների առջև, ինչի մասին ահազանգել են բազմաթիվ տնտեսագետներ։ Այս համատեքստում՝ «շռայլություն» է խոսել անգամ հակաճգնաժամային ծրագրերի մասին, որոնք միտված կլինեին հասարակության խոցելի խմբերի սոցիալական վիճակի պաշտպանությանը։ Հայաստանում շրջում է աղքատության ուրվականը։

Վահրամ Բագրատյան