Մինչև հակահարված չտանք, խաղաղություն չի լինի․ Մովսես Հակոբյան

Մինչև հակահարված չտանք, խաղաղություն չի լինի․ Մովսես Հակոբյան

Մինչև հակահարված չտանք, խաղաղություն չի լինի։ Այս մասին այսօր MediaHub-ի հետ զրույցում ասաց ԶՈՒ ԳՇ նախկին ղեկավար Մովսես Հակոբյանը։

Հիշեցնենք, որ մայիսի 11-ին՝ ժամը 06:00-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմը ժամը 10:25-ի դրությամբ ունի 4 վիրավոր: Վիրավոր զինծառայողներից 2-ի վիճակը գնահատվում է բավարար, 2-ինը՝ միջին ծանրության: Վիրավորում ստացած զինծառայողների կյանքին այս պահի դրությամբ վտանգ չի սպառնում:

Նշենք նաև, որ ՊՆ-ի փոխանցմամբ՝ ժամը 11:00-13:00-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Սոթքի հատվածում որոշակի պարբերականությամբ խախտել են հրադադարի ռեժիմը: Ժամը 13:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: 

«Սա շարունակվելու է այնքան ժամանակ, մինչև հակառակորդը չհասկանա, որ արժանի հակահարված է ստանալու։ Այդ հակահարվածը կստանա այն ժամանակ, երբ դրան մենք ամբողջովին պատրաստ լինենք»,-ասաց նա։

Դիտարկմանը, թե իշխանությունները հայտարարում են, որ հայկական կողմն անշեղորեն գնում է խաղաղության և հարցին՝ հակահարված տալը արդյո՞ք չի խախտի խաղաղության պայմանագրին գնալու ճանապարհը, վերջինս պատասխանեց․ 

«Խաղաղության հասնելու համար հակահարվածը պարտադիր պայման է»։ 

Հարցին՝ չի՞ ուշանում այդ հակահարվածը, քանի որ ամեն անգամ թշնամին նոր սադրանքների է գնում և արդյո՞ք մեր բանակը պատրաստ է դիմակայել այդ սադրանքներին, Հակոբյանն արձագանքեց՝ չի տիրապետում իրավիճակին.

«Բայց, ցավոք, պետք է արձանագրենք, որ այս վիճակը դեռ շարունակվելու է»,-շեշտեց Հակոբյանը։

Լիաննա Թորոսյան