Փաշինյանի հերթական մանիպուլյացիան

Փաշինյանի հերթական մանիպուլյացիան

Մուտք ենք գործել ժողովրդավարական երկրների «բարձրագույն լիգա»․ սա Նիկոլ Փաշինյանի հերթական «աննախադեպ» հայտարարությունն է կառավարության վերջին նիստում։ 

Այսկերպ Փաշինյանն արձագանքում է V-Dem 2022 թվականի վարկանիշին, իհարկե՝ դարձյալ մանիպուլացնելով հասարակությանը։

Բայց մինչ մանիպուլյացիային անդրադառնալը նկատենք, որ Փաշինյանի վերջին հայտարարությունը դարձյալ խոսում է նրա ոչ ադեկվատ վարքագծի, քաղաքական անհամարժեքության մասին։

Միջազգային գլոբալ ճգնաժամը անվտանգային նոր ռիսկեր է ծնել Հայաստանի համար, Արցախն արդեն մի քանի օր է՝ կանգնած է էքզիստենցիալ վտանգի առաջ, տարածաշրջանի բոլոր խաղացողները ակտիվ շփումների մեջ են, իսկ մեր երկրի ղեկավարը ոգևորվում է ինչ-որ զեկույցներից, դարձյալ «բրենդավորում» է ժողովրդավարությունը։ Սա այն դեպքում, երբ կառավարության շենքից դուրս մարդկանց հետաքրքրում է պարենային անվտանգության թեման, ամենակուլ գնաճը, մարդկանց եկամուտների շեշտակի անկումը։ Պրոբլեմները կարելի է անվերջ թվարկել։

Հիմա՝ Փաշինյանի կեղծիքի մասին, որը շատ արագ բացահայտեց Արմեն Աշոտյանը։

Ըստ տվյալ կազմակերպության դասակարգման՝ երկրները բաժանվում են չորս «լիգաների»՝ լիբերալ ժողովրդավարություն, էլեկտորալ ժողովրդավարություն, էլեկտորալ ավտոկրատիա, փակ ավտոկրատիա։

Այս տարվա տվյալներով, Հայաստանը դասակարգվել է էլեկտորալ ժողովրդավարությունների շարքին, այլ խոսքով՝ որևէ կերպ չի հայտնվել «բարձրագույն լիգայում»։

Փաշինյանի վերջին անհեթեթությունը բովանդակային հարթության վրա նույնիսկ անհարմար է քննարկել։

Ուղղակի ուզում ենք Փաշինյանին ասել, որ եթե Հայաստանը «բարձրագույն լիգայում» է, ապա միայն` սուբեկտությունը կորցնելու իմաստով։

Սուբեկտություն ու ինքնիշխանություն չունեցող երկրում չի կարող լինել ժողովրդավարություն։

Վահրամ Բագրատյան