«Անորոշությունը մեր շուրջ շատ մեծ է»․ ինչո՞ւ է ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողել անփոփոխ

«Անորոշությունը մեր շուրջ շատ մեծ է»․ ինչո՞ւ է ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողել անփոփոխ

Կենտրոնական բանկի խորհուրդը որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել անփոփոխ՝ սահմանելով 6.75%: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը հայտնեց, որ 2025 թվականի առաջին եռամսյակում 12-ամսյա գնաճը մոտեցել է նպատակային ցուցանիշին՝ փետրվարին կազմելով 2.5 տոկոս, միաժամանակ 12-ամսյա բնականոն գնաճը պահպանվել է ցածր մակարդակում՝ կազմելով 1.5%։

Նա նաև նշեց, որ ԿԲ-ն կշարունակի մշտադիտարկել տնտեսության զարգացման սցենարները, և պատրաստ է ձեռնարկել համարժեք գործողություններ՝ միջնաժամկետ հորիզոնում 3%-անոց գնաճ ապահովելու համար։ Դրանից առաջ, հիշեցնենք, ԿԲ-ի համար թիրախային էր համարվում 4%-անոց գնաճը, իսկ վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել էր մինչև 10.75%՝ զսպելու գնաճը, հետո հետզհետե իջեցվեց։

MediaHub-ը հետաքրքրվեց ԿԲ նախագահից, թե ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ թողնելը, նաև ինչո՞ւ է ԿԲ-ն որոշել իջեցնել գնաճի 4 տոկոսանոց թիրախային շեմը, և 2.5%-ը որքանո՞վ է տեղավորվում իրենց ակնկալիքների մեջ։

«Սկսեմ գնաճից․ նախ՝ թիրախը մենք փոխեցինք, այժմ թիրախը 3% տոկոս է, և դրա համար էլ ասում ենք, որ 2.5%-ը մոտեցել է այն թիրախային ցուցանիշին, որը մենք ունենք։ Հիմնականում գնաճը պայմանավորված է եղել սեզոնային և ոչ սեզոնային պարենային ապրանքների աճով, որոնք որ առաջարկի ֆենոմեն են, այլ ոչ թե պահանջարկի։ Այսինքն՝ էդտեղ էս պահի դրությամբ բարձր է, բայց շատ մտահոգվելու տեղ չունենք, որովհետև պահանջարկով չի գալիս էդ գնաճը»,- ասաց Մարտին Գալստյանը։

Ինչ վերաբերում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը անփոփոխ թողնելուն, ապա ԿԲ նախագահն ասաց, որ իրենց մոտեցումների համաձայն՝ ԿԲ խորհուրդը տարբեր տիպի սցենարներ է քննարկում։

«Հիմա այսօր մենք քննարկել ենք Ա և Բ տիպի սցենարներ, Ա տիպի սցենարներից հիմնականն այն է, որ երկրի ռիսկի հավելավճարը կարող է աճել՝ պայմանավորված աշխարհաքաղաքական զարգացումներով, Բ տիպի սցենարների հիմնական լեյտմոտիվն այն է, որ աշխարհում կարող է տնտեսական աճը դանդաղի, որովհետև առևտրային պատերազմներ կան և այլն, ինչպես նաև Հայաստանում կարող է մենք տեսնենք պահանջարկի նվազում։ Ու քանի որ էդ երկու սցենարները իրար հավասարակշռում են էսօր, մենք փորձեցինք տոկոսադրույքը պահել նույն մակարդակի վրա, որ տեսնենք՝ ինչ ուղղությամբ ենք գնում։ Անորոշությունը մեր շուրջ շատ մեծ է, ուստի նախկինում իրականացված լավ քաղաքականության շնորհիվ՝  մենք ոչ թե ընկնում ենք ցայտնոտային իրավիճակի մեջ, որ չիմանանք՝ ինչ ուղղությամբ գնանք, որոշումը ոնց կայացնենք, այլ կարող ենք պաուզա վերցնել, հասկանալ՝ ինչ է մեր շուրջը կատարվում, որպեսզի կարողանանք հետագայում քաղաքականությունն ավելի խելամիտ իրականացնել»,- ասաց ԿԲ նախագահը։

Նրա խոսքով՝ սա չի նշանակում, սակայն, որ իրենք հասել են ինչ-որ մակարդակի, որից մակարդակի տոկոսները չեն կարող իջնել, դրանք կարող են և՛ բարձրանալ, և՛ էլի իջնել՝ կախված նրանից, թե որ սցենարը կգերակշռի։

Վահե Մակարյան