Փաշինյանը «ձեռքերը լվացել է» Արցախից․ Բաքուն գործեց

Արցախում հումանիտար ճգնաժամը խորանում է:
«Մեկ շաբաթից ավելի Արցախում գազ չկա, ադրբեջանական ուժերն անգամ ռուս խաղաղապահներին են արգելում մոտենալ գազատարի վնասված հատվածին, և հնարավորություն չի տրվում նորոգել գազատարի պայթեցված հատվածը: Դրա հետևանքով Արցախում առկա են ինչպես տրանսպորտի, այնպես էլ մի շարք արտադրությունների հետ կապված խնդիրներ: Մարդիկ անգամ հացի արտադրության խնդիր ունեն, սա շատ լուրջ ահազանգ է: Դիմել եմ մի շարք միջազգային կառույցների՝ տարբեր գրություններով և խնդրել եմ իրենց հրատապ արձագանքը Արցախում սկսված հումանիտար ճգնաժամի վերաբերյալ»,- երեկ նշել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Թագուհի Թովմասյանը:
Ինչո՞ւ Ադրբեջանը հենց այս պահին Արցախում հրահրեց հումանիտար ճգնաժամ, որը վերածվելու է հումանիտար աղետի, եթե հաշված օրերի ընթացքում իրավիճակի շտկմանն ուղղված քայլեր չձեռնարկվեն։
Շատ փորձագետներ կարծում են, որ սա Հայաստանին հասցեագրված հինգ առաջարկությունների, այսպես ասած, «սոուսն» է՝ յուրօրինակ պատասխանն այն իրավիճակի, երբ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը «ձեռքերը լվացել» է Արցախից։
Բնականաբար, Բաքուն նպատակային է խափանել գազի մատակարարումը՝ հստակ կանխատեսելով, որ դա իր հետևից բերելու է վթարային իրավիճակ նաև էներգահամակարգում։
Ալիևը վստահ է նաև, որ պաշտոնական Երևանը որևէ քայլ չի անելու՝ Արցախում ստեղծված իրավիճակը հաղթահարելու ուղղությամբ ու լավագույն դեպքում՝ խնդիրը թողելու է ռուսական կողմի վրա։
Իհարկե, Բաքվում մտածում են, որ առանց գազի՝ Արցախի ժողովուրդը երկար գոյատևել չի կարող ու ստիպված ընդունելու է իրենց «հումանիտար» ժեստը՝ երկնագույն վառելիքը ստանալ Ադրբեջանից։ Կասկած չկա, որ Բաքուն դա կապահովի ավելի էժան գներով։
Ադրբեջանը Շուշիում վերանորոգել է էլեկտրակայան, որի հզորությունը բավականին մեծ է ու Շուշին սպառում է դրա ընդամենը 10 տոկոսը։ Ադրբեջանցիք կարող են «մեծահոգություն» ցուցաբերել նաև այս հարցում ու արցախցիներին էժան լույս խոստանալ։
Դե, «էժան բենզին» օպերացիան էլ կարելի է հեշտությամբ իրականություն դարձնել SOCAR-ի հարուստ ռեսուրսների հաշվին։
Ադրբեջանը նման «զոհողությունների» կգնա՝ Արցախը վերջնականապես յուրացնելու համար, մանավանդ, որ Փաշինյանը «ձեռքերը լվացել» է Արցախից։
Վահրամ Բագրատյան