Վանաձոր համայնքը ձևավորված չէ․ պետության 3-րդ քաղաքը համայնքապետ չունի․ Վահե Դոխոյան

Մոտ 7 ամիս է՝ Վանաձորի ավագանին նիստ չի գումարում և դեռ շարունակելու է չգումարել։
Հիշեցնենք, որ Վանաձորում վերջին ընտրություններին Մամիկոն Ասլանյանի գլխավորած դաշինքը հաղթանակ տարավ, սակայն դրանից հետո վերջինիս կալանավորելու որոշում կայացվեց։
Երեկ՝ հուլիսի 20-ին, դատարանը քննելու և վերացնելու էր Վանաձորում համայնքի ավագանու նիստերի վրա դրված ապօրինի արգելքը, սակայն Վարչական դատարանը, քննելով նիստերի արգելանքը վերացնելու մասին ավագանու խմբակցությունների հայցը, որոշում չի կայացրել՝ այն պատճառաբանությամբ, որ «Ապրելու երկիր» խմբակցությունը, որը դատավարության կողմ է, պատշաճ ծանուցված չի եղել և չի ներկայացել դատարան։ Նիստը հետաձգվել է անժամկետ։ Ստացվում է՝ պետության 3-րդ քաղաքը շարունակելու է համայնքապետ չունենալ։
MediaHub.am-ի հետ զրույցում Վանաձորի ավագանու «Հայրենիք» խմբակցության ղեկավար Վահե Դոխոյանը նշեց, որ դատարանի երեկվա պատճառաբանությունն անհասկանալի էր, քանի որ հնարավոր էր պատշաճ ծանուցումն ապահովել։ «Եթե իրենց մտքին տեղ լիներ, կանեին։ Համայնքում առաջացած խնդիրների լուծումը ևս անհնար է պատկերացնել, քանի որ Վանաձոր համայնքը ձևավորված չէ, համայնքապետ չկա, վարչական շրջանների ղեկավարներ չկան, պատասխանատուներ չկան նշանակված։ Փորձում են ինչ-որ հնարքներով մանր-մունր հարցեր լուծել, բայց դա այն չէ, ինչ պետք է, խնդիր կա և այդ խնդիրը չի լուծվի մինչև Վանաձորը համայնքի ղեկավար չունենա»,- նշեց նա։
Դոխոյանի խոսքով՝ ԺՊ-ն այդքան իրավասություն և հնարավրություն չունի բոլոր խնդիրները լուծելու։ «Լուծումը միայն այն է լինելու, որ մեզ թույլ տան համայնքի ղեկավար ընտրել։ Դեռ հույս ունենք, բացի դա, օրենքով այլ իրավունք էլ չունեն։ Կարծում եմ՝ մի օր մեր երկրում արդարադատությունը կհաղթի»։