«Աննախադեպ» ցինիզմ

«Աննախադեպ» ցինիզմ

Հուլիսի 1-ին Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Այսօրվանից Հայաստանում նվազագույն կենսաթոշակը կբարձրանա՝ 31 հազար 600 դրամից դառնալով 36 հազար դրամ: 36 հազար դրամը Հայաստանում այս պահին հաստատված նվազագույն պարենային զամբյուղի արժեքի 99.5 տոկոսն է:Իսկ այն կենսաթոշակառուները, ովքեր իրենց թոշակը ծախսում են անկանխիկ եւ օգտվում են 10 տոկոսի չափով ետվճարի ստացման ծրագրից, փաստացի կստանան պարենային զամբյուղի 106 տոկոսից բարձր գումար:  Սա աննախադեպ իրադարձություն է մեր երկրի պատմության համար: Առաջին անգամ կենսաթոշակառուն կենսաթոշակի ծախսումով կկարողանա հոգալ իր նվազագույն պարենային ծախսերը»: 

Գործ ունենք վիճակագրական ցինիզմի հետ, որովհետև 36 հազար դրամով հնարավոր չէ պարենային կարիքները հոգալ անգամ մեկ շաբաթվա կտրվածքով, էլ չենք խոսում դեղորայքի, տրանսպորտի, կոմունալ ծախսերի և իհարկե՝ գնաճի բարձր տեմպերի մասին:

Սակայն, այս դեպքում, ցինիզմն ունի նաև ու առաջին հերթին՝ բարոյական բաղադրիչ:

Նիկոլ Փաշինյանը տապալել է երկրի անվտանգությունը, նրա ապիկար քաղաքականության հետևանքով Արցախի ժողովուրդը հայտնվել է սովահարության ու էթնիկ զտումների շեմին, իսկ նա դեռ խոսում է «աննախադեպ» հաջողությունների մասին:

Փաշինյանը կորցրել է քաղաքական, բարոյական լեգիտիմությունը ու դարձել է մեկը, ում յուրաքանչյուր խոսք ավելի է խորացնում հանրային բևեռացումը, անհանդուրժողականությունը, երկրում ստեղծված աննախադեպ ճգնաժամը:

Վահրամ Բագրատյան