Ինչո՞ւ Փաշինյանը բացեց հողատվության թեման

Ինչո՞ւ Փաշինյանը բացեց հողատվության թեման

Չորեքշաբթի, երբ Հայաստանի կառավարությունը պատասխանում էր պատգամավորների հարցերին, Նիկոլ Փաշինյանը բոլորի համար անակնկալ վերաբացեց Արցախի տարածքների հողատվության թեման, ընդ որում՝ դավաճաններ համարելով նախկին նախագահներին։
Իհարկե, տարբեր վարկածներ կարող ենք քննարկել, թե ինչու Փաշինյանը գնաց նման դիսկուրսի վերաբացման, մանավանդ, որ այն բումերանգի էֆեկտով հարվածելու է հենց գործող իշխանությանը։


Ավանդական փաստարկներից մեկն այն է, որ Փաշինյանը պոպուլիստ է ու առանց «նախկիններին» քննադատելու՝ իր կյանքը պատկերացնել չի կարողանում։ Այս փաստարկն, իհարկե, ճիշտ է, բայց վստահ ենք՝ ամբողջական չէ։


Ոմանք էլ կարծում են՝ Փաշինյանն անհավասարակշիռ մարդ է։ Սա էլ գուցե ճիշտ է ու Փաշինյանը բազմիցս ապացուցել է դա, բայց կա նաև գործող վարչապետի հայտնի «խոստովանությունը», որ ինքը ոչ թե անհավասարակշիռ է, այլ ոչ ստանդարտ իրավիճակներում «գժական» է գնում։
Ուրեմն, երեկ էլ գործող վարչապետը «գժական» գնալու ծանրակշիռ փաստարկ, պատճառ է ունեցել։


Դա ուկրաինական պատերա՞զմն է, որի վերաբերյալ դիրքորոշում չհայտնելն ամեն օրվա հետ ավելի դժվար է դառնում Փաշինյանի համար, թե՞ ԼՂ խնդրի շրջանակներում է սպասվում նոր զարգացում ու Փաշինյանը դարձյալ գեներացնում է «նախկինների» թեման՝ հերթական հնարավոր զիջումը նրանց «գրպանը գցելու» նպատակով։


Ինչևէ, հողատվության թեման վերաբացեց Փաշինյանը ու երեկ այն ամբողջ օրը քննարկվում էր ԱԺ-ում՝ չնայած նման հարց օրակարգում չկար։ Փաշինյանը սխալ հաշվարկ է անում, որովհետև ԼՂ խնդրի հետ կապված ցանկացած քննարկում, ի վերջո, բումերանգի պես վերադարձվում է նրա իշխանության պատասխանատվության դաշտ ու դա օբյեկտիվ է։


Եթե նույնիսկ ապրիորի ընդունենք, որ ԼՂ խնդրում Նիկոլ Փաշինյանը նախկիններից ծանր ժառանգություն է ստացել, ապա դրա մասին հանրային շատ բարձր վարկանիշ ունեցող վարչապետը պետք է ասեր հեղափոխությանը հաջորդող ամիսներին, ոչ թե իրեն «Տիգրան Մեծ» ձևացներ, չմտածված մաքսիմալիստական օրակարգ առաջ բերեր՝ 44-օրյա պատերազմի ավերակների վրա արհեստականորեն «մեղավորներ» նշանակելով։
Պատմությունը խմբագրել հնարավոր չէ։


Փաշինյանն է լեգիտիմացրել պատերազմ սանձազերծելու Ադրբեջանի մտադրությունը, Փաշինյանի իշխանությունն է պատասխանատու և մեղավոր պատերազմի պարտության համար։

Վահրամ Բագրատյան