Ծնողին 3 ձեռք են տվել, ասել են՝ քո որդին է, տար, հուղարկավորի․ Թովմասյան
Շատ ծանր խոսակցություն ունեցա ծնողների հետ: Օրինակ՝ պատկան մարմինները տվել են երեք ձեռք, ասել են՝ դա ձեր որդին է, ու դրա համար մարդիկ հրաժարվել են հուղարկավորել այդ երեք ձեռքը։ Այդ մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը՝ անդրադառնալով անհետ կորած զինծառայողների հարազատների հետ փակ հանդիպման մանրամասներին։
Նրա խոսքով՝ տղաներից մեկն էլ 1.82 սմ հասակ ունի, 43 համար կոշիկ է հագնում, բայց ծնողների ԴՆԹ-ին համապատասխանել է 1.60 սմ հասակով տղայի ԴՆԹ-ի հետ։
«Եվ ասել են, որ պետք է հարմարվել այդ իրավիճակի հետ։ Այսինքն՝ տեղի են ունենում իրադարձություններ՝ նույնականացման դաշտում, որ ուղղակի սյուռեալիզմի դրսևորում է։ Ողբերգություն է պատերազմից երեք տարի անց ծնողներին այս վիճակում մենակ թողնելը»,- շեշտեց Թովմասյանը։
Պատգամավորը նկատեց՝ ծնողներն ահռելի աշխատանք են արել, տարբեր կադրեր են գտել, և կարելի է ասել՝ քննչականից ավելի շատ փաստեր են հավաքել իրենց որդիների մասին, և երբ այդ բոլոր տվյալներն ամփոփվում են, երևում է, որ տղաներն առնվազն չհաստատված գերիների ցանկում պետք է լինեն։
«Ծնողները շատ վրդովված են, որ ՀՀ պատկան մարմիններն ընդամենը 33 գերիների մասին են խոսում, այն դեպքում, երբ շատ ավելին են գերիները։ Ծնողներն ունեն փաստեր, թե ինչպես են իրենց որդիները գերեվարվել։ Պատկան մարմինները ոչինչ չեն անում, կամ բավարար աշխատանք չեն անում, որ տղաները պատշաճ հանձնվեն ծնողներին»,- ասաց Թագուհի Թովմասյանը։
Նա տեղեկացրեց, որ իրեն հանդիպած ծնողներից ոմանք ԴՆԹ նույնականացման թեստ հանձնել են, մյուսները՝ ոչ։
Մանրամասները՝ տեսանյութում։