Սա բանակցություն չէր, սա Բաքվի ցանկության կատարում էր․ Մետաքսե Հակոբյան

Սա բանակցություն չէր, սա Բաքվի ցանկության կատարում էր․ Մետաքսե Հակոբյան

Խնդիրն այնպես չի դրված, որ ճանապարհը պետք է ամեն գնով բացվի։

Այդ մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։ Նրա խոսքով՝ այժմ ոչ ոք չի ցանկանում, որ ճանապարհը բացվի Ադրբեջանի պահանջները կատարելու գնով։

«Եթե թշնամու պահանջները պիտի կատարեինք, ապա ճանապարհը դեռևս դեկտեմբերի 12-ին կարող էինք բացել, երբ Ադրբեջանն իր ձևակերպած պահանջները ներկայացրեց։ Բայց այն ժամանակ կոչ եղավ, որն ընդունվեց ու դարձավ միասնական Արցախյան պայքար, որը դեմ էր ցանկացած զիջման»,- նշեց Հակոբյանը։ 

Ըստ պատգամավորի՝ այժմ չի կարող ոգևորություն լինել, թե ճանապարհը կբացվի, հակառակը՝ մարդկանց մեջ անհանգստություն կա, թե ի՞նչ գնով է բացվելու ճանապարհը։ 

«Մոտ 80 օր տևած շրջափակումը հերթական անգամ չի կարող լինել ժողովրդին ավելի թուլացնելու միջոց։ Այսինքն՝ վերջնարդյունքն ի վերջո ճանապարհի բացումը չէ, այլ այն, թե ինչ ձևով կբացվի»,- ասաց պատգամավորը։ 

Անդրադառնալով Ադրբեջանի և Արցախի ներկայացուցիչների հանդիպմանը՝ Հակոբյանը նկատեց՝ այդ հանդիպումը եղել է արցախցու մեջքի ետևում և այն չի կարող արտահայտել արցախցու կամքն ու ցանկությունը։

«Սա բանակցություն չէր, սա Բաքվի ցանկության կատարում էր։ Արցախը բանակցային կողմ չէր, զուտ հանդիպում տեղի ունեցավ հանրության թիկունքում։ Առանց հայտարարելու կոնտակտի գնացին։ Այս հանդիպումը ենթադրում է նպատակներից ետ կանգնել ու զիջման գնալ։ Սա արդյունք ունենալ չի կարող, հակառակը՝ հերթական վտանգներն է բերում ու Արցախը տանում է վերջնական կործանման»,- շեշտեց Հակոբյանը։

Ըստ նրա՝ եթե պիտի Ադրբեջանի պահանջները կատարվեն ու անունը դրվի փոխզիջում՝ ճանապարհը բացելու համար, ապա պիտի նաև սպասել դրան հաջորդող շատ ավելի խիստ ագրեսիայի։ 

«Արցախի ընդդիմությունն այս ամենի վերաբերյալ շուտով հայտարարությամբ է հանդես գալու»,- ամփոփեց խոսքը Մետաքսե Հակոբյանը։

Նարե Գնունի