Նախաձեռնում եմ ակտիվ հանրային գործունեություն․ Թաթոյան

Ես նախաձեռնում եմ ակտիվ հանրային գործունեություն, որն ունենալու է նաև ինստիտուցիոնալ հիմքեր: Այդ մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց ՀՀ Մարտու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։

Նա տեղեկացրեց, որ ստեղծել են նոր կազմակերպություն, որը կոչվում է Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամ։

«Հիմնադրամն արդեն ունի հռչակած նպատակներ, դրանցից են Հայաստանում ժողովրդավարության և իրավունքի ամրապնդումը, անվտանգության և ազատությունների գերակայությունը, գիտակրթական և հետազոտական գործունեությունը, հանրային իրազեկումների միջոցով հասարակությունում գիտելիքի մակարդակի բարձրացումը, ազգային արժեքների պաշտպանությունը»,- ներկայացրեց Թաթոյանը։

Նա վստահեցրեց, որ կազմակերպությունը որևէ մեծահարուստի կողմից չի հովանավորվում, այլ այն հիմնված է սփյուռքահայերի ֆինանսավորման վրա։

«Այստեղ աշխատելու են ՄԻՊ գրասենյակի նախկին աշխատակիցները, մարդիկ, որոնք պրոֆեսիոնալներ են, անցել են տարբեր մարտահրավերների միջով»,- նշեց Թաթոյանը։

Նա տեղեկացրեց, որ այս օրերին էլ իրենք աշխատել են վերջին եռօրյա պատերազմի ընթացքում մարդու իրավունքների խախտման փաստերի հավաքագրման ուղղությամբ։

«Նշեմ, որ ադրբեջանական ատելության վերաբերյալ զեկույց ենք նաև պատրաստել, որում նաև այս պատերազմի մասին է խոսվում։ Զեկույցն ավելի վաղ էինք սկսել կազմել, քան պատերազմը սկսվեց, բայց միևնույն է, մենք նաև հետևանքները ներառեցինք։ Այդ ժամանակ նաև ցույց տվեցինք, որ ադրբեջանական իշխանությունների ատելությունը շարունակում է երկու՝ կրոնական ու էթնիկ հիմքերով շարունակվել»,- ասաց նա։


Նարե Գնունի