Իսկ Հայաստանի իշխանությունը լռում է, քանի որ խոսելու «պլnճիկ» չունի

Բաքվի բանտում այս պահին հայի անունը, պատիվն ու արժանապատվությունն է բանտվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության օրինակով։ Ռուբեն Վարդանյանի վերջին նկարները, որոնցում երևում է վերջինիս՝ հացադուլից ու տառապանքներից հյուծված, խոշտանգված դեմքը, հերթական անգամ ի ցույց են դնում՝ նրա անվտանգության ու ազատության համար պայքարելու պարտականություն ունեցող Հայաստանը որբի գլուխ է, անտեր, անզոր ու համակերպվող մի երկիր, որի ղեկավարության համար անգամ այս վիճակն է ընդունելի։
Եթե շարքային քաղաքացիները տարբեր նախաձեռնություններով են հանդես գալիս, փորձում են միջազգային հանրությանը լսելի դարձնել հայի ձայնը, ցույց տալ, թե՝ աշխարհ, այս փոքրիկ հողակտորի վրա դեռ շարունակում են ապրել արժանապատվություն ու պատիվ ունեցող մարդիկ, որոնք չեն հանդուրժում այս վիճակը, ապա Հայաստանի իշխանությունը ձկան պես լուռ հետևում է այս ամենին։
«Չենք խոսում, որ չվնասենք» սկզբունքը որդեգրած իշխանությունն ամեն կերպ խուսափում է խոսել Բաքվում գտնվող հայ ռազմաքաղաքական ղեկավարության մասին, ամեն անգամ հայտարարելով, որ ամեն բառը կարող է վնասել թշնամի երկրում գտնվող հայերին։ Թեպետ, երբ իրենց պետք է՝ այդ սկզբունքը ոտնահարում է. հիշենք՝ իր բազմաթիվ, բայց ոչինչ չասող ասուլիսներից մեկի ժամանակ Նիկոլ Փաշինյանը, սեփական անտարբերությունը, Բաքվի ռեժիմի բարբարոս գործողություններին լուռ հետևելն ու մատը մատին չտալը արդարացրեց հետևյալ հայտարարությամբ. «Ինչպե՞ս ստացվեց, որ ՌԴ քաղաքացիությունից Ռուբեն Վարդանյանը հրաժարվեց, ո՞վ նրան խորհուրդ տվեց անել այդ քայլը, ո՞վ նրան գործուղեց ՀՀ, գործուղեց ԼՂ, ի՞նչ նպատակով, ի՞նչ երաշխիքներով ինչ խոստումներով, ու վերջում ասեց՝ գիտեք ինչ, մենք այնքան էլ լավ չենք ճանաչում ինքը ով է, որովհետեւ ինքը ոնց որ թե այլ երկրի քաղաքացի է: Մենք ուզո՞ւմ ենք այս հարցերին պատասխան ունենալ, թե՞ չէ»:
Այսօր բոլորը միաբերան նույնն են կրկնում՝ հաշվի չառնելով, որ որևէ կերպ չի պաշտպանվում այդ մարդկանց իրավունքները, և ակնհայտ է, որ նրանք Բաքվում խոշտանգվում են։ Էլ ի՞նչ պիտի անեն թշնամի երկրում, էլ ինչպե՞ս պետք է տանջեն մեր հայրենակիցներին, որ հայաստանյան իշխանությունը որոշի մի բառ ասել, մի դատապարտող խոսք հնչեցնել։
Ասում են՝ «չենք խոսում, որ չվնասենք», անգամ այն դեպքում, երբ Վարդանյանի փաստաբանն է խնդրում խոսել, որևէ դատապարտող հայտարարություն անել: «Ես կոչ եմ անում աշխարհի առաջնորդներին, հատկապես Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, դատապարտել այս ցուցադրական դատավարությունը, այն որակել որպես քաղաքական և ապօրինի»,- երեկ տարածված հայտարարության մեջ, որով նա ահազանգել է Արցախի նախկին պետնախարարի առողջությանը վտնագների մասին, նշել էր Ռուբեն Վարդանյանի փաստաբանը։
Վերջինիս որդին էլ միջազգային հանրությանն ու աշխարհին էր կոչ արել չլռել ու պայքարել Բաքվի բանտերում պահվող հայ ռազմագերիների իրավունքերի համար։
․․․Իսկ Հայաստանի իշխանությունը լռում է, որ չվնասի։ Չէ, դա չի պատճառը, Հայաստանի իշխանությունը լռում է, որովհետև այլ տարբերակ չունի, լռում է, որովհետև խոսելու «պլոճիկ» չունի, և իր խեղճությունն էլ որպես ճիշտ դիվանագիտություն է ներկայացնում։
Նարե Գնունի