Օուշենի նոր ընկերը. Ռայան Գոսլինգը բանակցություններ է վարում ֆիլմաշարի հաջորդ մասում նկարահանվելու համար

Ռայան Գոսլինգին, կարծես թե, դուր է գալիս աշխատել Մարգո Ռոբիի հետ: «Բարբի» ֆիլմի նկարահանումները դեռ չեն ավարտվել, եւ կանադացի դերասանն արդեն բանակցություններ է վարում «Օուշենի տասնմեկ ընկերների» նոր պրիքվելում դերակատարման համար։
Ֆիլմի պրոդյուսերը կլինի դերասանուհի Մարգո Ռոբին։ Չի բացառվում, որ նա նաեւ կադրում հայտնվի։ Հայտնի է նաեւ, որ ֆիլմի ռեժիսորը Ջեյ Ռոչն է, որը հանրությանը հայտնի է «Ծանոթություն ծնողների հետ» եւ «Ծանոթություն Ֆակերների հետ» կատակերգություններով։
Սցենարի մանրամասները չեն հաղորդվում, սակայն արդեն հայտնի է, որ գործողությունները ծավալվելու են 60-ականներին Եվրոպայում։ Նոր կինոնախագիծն ակտիվ մշակման փուլում է, հայտնում է The Hollywood Reporter-ը։
Պարբերականի տեղեկություններով՝ նկարահանումները կարող են սկսվել հաջորդ տարվա գարնանը։ Նախագիծը կդառնա ավազակների մասին արկածային կատակերգությունների շարքի հինգերորդ մասը։
Աղբյուրը՝ Super