Ավելի քան 251 մլն դրամ՝ պարեկային մեքենաները կահավորելու համար․ մատակարարը պատահական ընկերություն չէ

Ավելի քան 251 մլն դրամ՝ պարեկային մեքենաները կահավորելու համար․ մատակարարը պատահական ընկերություն չէ

Ոստիկանությունը պարեկային մեքենաները կահավորելու համար պայմանագիր է կնքել «Ալիկանտե» ՍՊԸ-ի հետ։ Պայմանագրի գինը կազմում է 755 940 000 դրամ։ Ըստ պայմանագրի՝ պարեկային ավտոմոբիլներում տեղադրվելու է 450 mobile համակարգ, յուրաքանչյուրը 1 679 866 դրամ։ Այս պայմանագիրը կնքվել է մարտի 15-ին։

Մեկ այլ պայմանագիր էլ կողմերը կնքել են մարտի 24-ին։ Նոր համաձայնագրով կողմերը պայմանավորվել և հաստատել են 755 940 000 դրամից միայն 251 979 999 դրամը։ Սակայն ոչ թե նվազեցվել է մեկ մեքենայում տեղադրվող mobile համակարգի արժեքը, այլ քանակը։ Նախնական պայմանագրով նախատեսված 450 մեքենայում տեղադրվելիք նշված սարքավորումների փոխարեն նոր համաձայնագրով պայմանավորվածություն է ձեռք բերվել տեղադրել 150 մեքենայում։

Նշենք, որ այս «Ալիկանտե» ՍՊԸ-ն, որի ղեկավարը Ավետիկ Բաբինյանն է, առաջին անգամ չէ, որ ՃՈ-ին տեխնիկա է մատակարարում: Մինչ այս, ՍՊԸ-ն մայրաքաղաքի հետիոտնային անցումների վրա տեղադրել է արևային մարտկոցով լիցքավորվող լուսարձակներ, բացի այդ ընկերությունը ՃՈ-ին մատուցել է 395 միավոր պարեկային ծառայություն և հատուկ ուղեկցումներ իրականացնող, ինչպես նաև` ծառայողական և հետաքննչական ավտոմոբիլների վրա տեղադրված լուսաձայնային սարքավորումների, ռադիոկայանների տեխնիկական սպասարկման և վերանորոգման ծառայությունները, իսկ 2016թ-ին էլ 108 մլն դրամի դիմաց ընկերությունը ՃՈ տեսուչներին 700 տեսախցիկ գնելու պայմանագիր է կնքել։