Տեխնիկաները հեռացրել ենք, որ ավելորդ խնդիրներ չառաջանան․ Բերդաշենի գյուղապետ

Տեխնիկաները հեռացրել ենք, որ ավելորդ խնդիրներ չառաջանան․ Բերդաշենի գյուղապետ

Ադրբեջանը կրակել է Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքի «Ասֆալտեն տակ» կոչվող տեղամասի խաղողայգում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող բնակիչների ուղղությամբ։ 

MediaHub-ին Բերդաշենի գյուղապետ Ժորիկ Պողոսյանը հայտնեց, որ գյուղատնտեսական տարբեր աշխատանքներ են իրականացրել, երկու տարբեր ուղղություններով։ 

«Հիմա վիճակը նորմալ է, այն ուղղությամբ, որ կրակել են, տեխնիկաները հեռացրել ենք, որ ավելորդ խնդիրներ չառաջանան, բայց ամեն դեպքում աշխատանքները շարունակում ենք մի փոքր այլ կողմում։ Գարնանացանի աշխատանքներն ենք իրականացնում։ Ադրբեջանցիները առաջ չեն եկել, չէին էլ կարող, իրենց դիրքերից են կրակել»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ ԱՀ ներքին գործերի նախարարությունից հայտնել էին, որ մարտի 30-ին ոստիկանության Մարտունու շրջանային բաժնում հաղորդում է ստացվել, որ այսօր ժամը 10:35-ի սահմաններում, Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքի 29-ամյա բնակիչ Հայկ Զարգարյանը, գյուղի վարչական տարածքում իր կողմից շահագործվող «Բելառուս» մակնիշի տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, ադրբեջանական բանակի ծառայողները հարակից մարտական դիրքերից հրաձգային տարբեր տրամաչափի զինատեսակներով կրակ են բացել տրակտորի ուղղությամբ։

Լիաննա Թորոսյան