Ինչի՞ հրաժարվեի․ Արմեն Ռուստամյանը՝ Ալեն Սիմոնյանի հետ Փարիզ մեկնելու մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Ֆրանսիայում է։
Ըստ ԱԺ նախագահի կարգադրության՝ Փարիզ են գործուղվել 13 պատվիրակ, նրանց կազմում է նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական Արմեն Ռուստամյանը։
Կարգադրության փաստաթուղթը փոփոխության չի ենթարկվել, բայց MediaHub-ը Ռուստամյանից անձամբ ճշտեց՝ վերջինս մեկնե՞լ է Փարիզ, թե ոչ։
Պարզվեց՝ Ռուստամյանն արդեն Ֆրանսիայում է, Մարսելում: Դիտարկմանը՝ փաստորեն, ընդդիմադիր Ռուստամյանը չի հրաժարվել գործուղումից ու իշխանության հետ մեկնել է Փարիզ, պատգամավորը պատասխանեց․
«Ես բարեկամական խմբում եմ, ինչի՞ հրաժարվեմ։ Երեք օր է՝ էստեղ ենք»։
Այլ կերպ ասած, Ռուստամյանը մտավախություն չունի, որ հերթական անգամ կենթարկվի քննադատության, որ ընդդիմությունը իշխանությանը բոյկոտում է միայն նիստերի դահլիճում․ երբեմն չի մասնակցում քվեարկություններին, երբեմն չի ներկայանում նիստերին, երբեմն հրաժարվում է Կառավարության հետ հարցուպատասխանից, Փաշինյանին ուղիղ հարցեր ուղղելուց, բայց չի հրաժարվում իշխանության հետ «ճամփորդելուց»։ Ի դեպ, սա էլ առիթ է ԱԺ նախագահի համար, լավ հնարավորություն՝ ԱԺ ամբիոնից ընդդիմությանը հիշեցնելու, որ իր հետ ճանապարհ է կիսում։
Նախորդ անգամ էլ իր գործընկեր, ՀՅԴ-ական Արթուր Խաչատրյանն էր թիրախում, երբ Ալեն Սիմոնյանի հետ միասին Լոնդոն էր մեկնել։
«Արթուր Խաչատրյանը հետս եկավ Անգլիա, ու որպեսզի արդարացնի ինձ հետ Անգլիա գալը, հանկարծ իմ հետ չասոցացվի, եկել ա Կառավարության ներկայացուցչին հարց ա տալիս, BMW-ի գնումից ա խոսում, ուղղակի կպցնում ա, որ ձեռի հետ մի հատ ինձ կպնի։ Պարոն Խաչատրյան, ախր էդ ճանապարհները մթով եմ անցել»,- ավելի ուշ ասել էր Սիմոնյանը։ Հիմա Ռուստամյանն էլ պետք է պատրաստ լինի նման տեքստեր լսելու, չի բացառվում, որ Սիմոնյանն էլ, առիթ կամ անառիթ, հիշեցնի, երեսով տա, որ ԱԺ՝ իր օրակարգով վերադարձած ընդդիմությունը գործուղումներից հրաժարվելու, ինչպես տեսնում ենք, ցանկություն չունի։
Լիաննա Թորոսյան