Այսօրվա հանդիպումը ցույց կտա, թե Փաշինյանն ավելի շատ ումից է վախենում՝ Արևմուտքի՞ց, թե՞՝ ՌԴ-ից․ Խալաթյան

Այսօր Սոչիում կայանալիք Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպմանն ընդառաջ ի՞նչ կարող ենք սպասել, արդյո՞ք կստորագվի այն փաստաթուղթը, որի մասին ՔՊ համագումարի ընթացքում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը․ թեմայի շուրջ MediaHub.am-ը զրուցեց «Վերելք» վերլուծական կենտրոնի քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանի հետ։
Նրա խոսքով՝ այս պահին արդեն հայտնի է, որ գոյություն ունի փաստաթղթի երկու տարբերակ՝ ռուսական ու արևմտյան, և ուղղակի պետք է հասկանալ՝ ո՞ր փաստաթուղթն է ավելի մոտ մեր շահերին.
«Այդ փաստաթղթերը մի կետով են տարբերվում․ արևմտյանն առաջարկում է ամբողջությամբ ընդունել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, իսկ ռուսականն ուղղակի հնարավորություն է տալիս Արցախի հարցում ժամանակ շահել ու այդ հարցն ապագայում քննարկել»,- նշեց Խալաթյանը։
Ըստ քաղաքական մեկնաբանի՝ ՌԴ-ն այժմ խնդիր ունի, որ իր խաղաղապահները մնան տարածաշրջանում, որն էլ կտա լծակ՝ ազդելու ոչ միայն Հայաստանի, այլ նաև Ադրբեջանի վրա, իսկ Արևմուտքը, հակառակը, հասկանում է՝ դա ինչ հետևանք կունենա ու ուզում է ՌԴ-ին տարածաշրջանից և հատկապես Հայաստանից դուրս մղել։
«Հիմա այսօրվա հանդիպման դեպքում շատ բան կախված է նրանից, որ Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդներն ինչպես կհասկանան ՌԴ-ի մեսիջները, ուշադիր կլինե՞ն ստացված առաջարկներին։ Մենք տեսնում ենք, որ Բաքուն ավելի կողմ է արևմտյան տարբերակին, քանի որ այն իր շահերից է բխում։ Ավելին, այդ դեպքում Բաքուն հույսը չի կորցնում, որ միջանցք էլ կարող է ստանալ»,- ասաց Խալաթյանը։
Իսկ Հայաստանին, ըստ նրա, ռուսական փաստաթուղթն ավելի ձեռնտու է, քանի որ Արցախի հարցում ժամանակ շահելու հնարավորություն կա։ «Ռուսական փաստաթուղթն էլ ամբողջապես մեր շահերից չի բխում, բայց գոնե այստեղ որոշ հարցերում մենք շահեկան դիրքում ենք, իսկ արևմտյան փաստաթղթի դեպքում մենք ամբողջապես հրաժարվում ենք Արցախից»,- նշեց Խալաթյանը։
Նրա դիտարկմամբ՝ այսօրվա հանդիպումը ցույց կտա, թե Փաշինյանն ավելի շատ ումից է վախենում՝ Արևմուտքի՞ց, թե՞՝ ՌԴ-ից, և ցույց կտա նաև, թե որքանո՞վ են մեր շահերը պահպանվելու։
Նարե Գնունի