ԱԺ երեկվա ծեծկռտուքը խոր արմատներ ուներ, ՔՊ-ի արշավը թելադրված է. Մամուլը՝ սուրճով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Երեկ խորհրդարանում կատարվածը, որքան էլ որ տհաճ միջադեպ որակվեց, այնուամենայնիվ, խոր արմատներ ուներ, եւ ՔՊ-ի կողմից գծագրված առավել մեծ պլան տապալվեց: Խնդիրը միայն Ցեղասպանության ուրացման պատժի մասին նախագիծը չէր:
«Ժողովուրդ» օրաթերթը ՔՊ-ին մոտ կանգնած խորհրդարանական աղբյուրներից պարզեց, որ երեկ ՔՊ-ականները մտադիր էին «Դաշնակցության» ղեկավար Իշխան Սաղաթելյանի վրա հարձակվել, ցուցադրաբար ծեծկռտուք սարքել հենց նրա հետ: Անգամ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում չզսպեց իր էմոցիաները թիրախավորված քննադատելով եւ վիրավորելով Իշխան Սաղաթելյանին:
Վահագն Ալեքսանյանն էլ հայտարարեց, թե տելեգրամյան ալիքները գրում են խժդժություններ են հրահրվելու առաջիկա օրերին, խմբեր են ձեւավորվում եւ այլն:
Կարճ ասած՝ ՔՊ-ականները ցանկանում էին, ԱԺ-ում իրենց համարձակությունը ի ցույց դնելով, կանխել հնարավոր այն բախումները փողոցում, որոնց հնարավորության մասին խոսում էր ՔՊ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը:
Սակայն Իշխան Սաղաթելյանը չտրվեց սադրանքի, չխառնվեց քաշքշուկին, եւ ՔՊ-ի պլանները ձախողվեցին: Դրա համար շատերը քաշքշուկի ժամանակ բղավում էին՝ «իջի, ամբիոնի մոտ խոսի», որպեսզի առավել հարմար լիներ ծրագրի իրագործումը:
Նկատենք նաեւ, որ երեկ հատուկ լկտիությամբ աչքի ընկան ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, որը փողոցային բառապաշարով էր բղավում, ինչպես նաեւ Ալավերդիում պարտված՝ համայնքի ղեկավարի թեկնածու, պատգամավոր Արեն Մկրտչյանը, որը էլի բղավում էր՝ խուլիգանական վարքագիծ դրսեւորելով: Դե իսկ սադրանքը կազմակերպեց Նիկոլ Փաշինյանի քավորը Վահե Ղալումյանը պատգամավոր Գեղամ Մանուկյանի վերնաշապիկի օձիքից քաշքշելով: Նա ակնհայտորեն ձգվում էր դեպի Իշխան Սաղաթելյանը, սական «Հայաստան» խմբակցության պատգամավորները թույլ չտվեցին ՔՊ-ականներին հասնել Սաղաթելյանին»։
«Հրապարակը» գրում է.
Վերջին շաբաթներին ՔՊ-ում հակադաշնակցական արշավ են սկսել, պատմությունն են մեկնաբանում իրենց գրագիտության մակարդակով, ՀՅԴ-ին մեղադրում առաջին հանրապետության կորստի, ցեղասպանությունն ուրանալու եւ այլ մեղքերի մեջ։
Օրեր շարունակ ընթացող արշավի կուլմինացիային ականատես եղանք երեկ՝ ԱԺ-ում․ իշխանական եւ ընդդիմադիր պատգամավորների լեզվակռիվը վերաճեց ծեծկռտուքի։ Ամեն ինչ սկսվեց նրանից, որ նիստը վարող Ալեն Սիմոնյանն իրեն բնորոշ հեգնախառն տոնով սադրեց ընդդիմադիրներին՝ նկատողություն անելով խոսելու համար:
Ասաց, թե հասկանում է, որ իրար մեջ վեճ ունեն, եւ հորդորեց լռել։ ՀՅԴ-ականներն արձագանքեցին տեղից, սկսվեց լեզվակռիվ, որից հանկարծ տաքացավ Փաշինյանի քավորի եղբայրը Վահե Ղալումյանը, տեղից թռավ եւ հարվածեց Գեղամ Մանուկյանին, ու սկսվեց քաշքշուկ։ Ի դեպ, կռվի ժամանակ, ասում են՝ Արթուր Հովհաննիսյանն անամոթաբար սեռական հայհոյանքներ է հնչեցրել կանանց ներկայությամբ։ ՀՅԴ-ում կարծում են, որ իրենց դեմ ՔՊ-ի արշավը թելադրված է Էրդողան-Ալիեւ տանդեմի կողմից: Երկու երկրում էլ ՀՅԴ-ն համարում են ռեւանշիստական ուժ եւ Հայ դատի հիմնական ջատագով, որին երազում են լռեցնել։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթի՝ Կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ հայրենի իշխանությունները նպատակ ունեն ՀՀ-ում գոյություն ունեցող բոլոր տեսչական մարմինները միավորելու:
Ըստ մեր աղբյուրների՝ իշխանությունները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ «դաբրո» են տվել այդ նախագծին: Այսինքն՝ առաջիկայում բունտ է հասունանալու, քանի որ տեսչական մարմինների միավորմամբ շատ աշխատակիցներ են կրճատվելու, ու ընդամենը մի փոքր տեսչական կոմիտե է ստեղծվելու:
Կառավարության մեր աղբյուրները փոխանցում են, որ այս ամենի հետեւում ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանն է կանգնած, որի կարծիքով՝ տեսչություններ ունենալը անիմաստ է, ու պետք է փակել տեսչական մարմինները:
Այսինքն, տարիներ շարունակ իշխանությունները հայտարարել են, թե անկախ կառույցներ ունեն, որոնք վերահսկում են տարբեր գերատեսչություններ, հիմա ստացվում է՝ դա անիմաստ գործ է եղել, չհաշված, որ այդքան քաղաքացիներ մնալու են առանց աշխատանքի:
Մեր տեղեկություններով՝ առաջիկա ամիսներին կլուծարեն տեսչությունները, ու կոմիտեն զրոյից կգործարկեն: Թե առաջիկայում ինչ իրավիճակ կստեղծվի այդ կառույցներում, ցույց կտա ժամանակը»։