Հարուստներն ապստամբում են, որ իրենց թալանածը փրկեն․ Հակոբ Ասլանյանն՝ ընդդիմությանը

Ցավալին այն է, որ պետության մասին խոսում են մարդիկ, որոնք տասնամյակներ շարունակ պետությունը ոչնչացրել են, պետությունը թալանել են, իրենց միլիարդավոր փողերն են կուտակել, դղյակներ են սարքել և դեռ խոսում են պետությունից։ Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարությունների ժամին իր ելույթի ընթացքում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը։
«Պետության ու ժողովրդի մասին մտածող մարդը երկիրը չէր թալանի։ Այստեղ նստած են մարդիկ, որոնց խոսակցություններն աբսուրդ են, սա միայն մեր պատմության չէ, այլ համաշխարհային պատմության մեջ միակ դեպքն է, երբ հարուստները փորձում են ապստամբություն անել, չկա այդպիսի դեպք, երբ հարուստներն են ապստամբում, սովորաբար աղքատներն են ապստամբում։ Իսկ թե ինչու են հարուստները ապստամբում, բնական է, մեկ բանի համար իրենց թալանածը կարողանան փրկել․ ուրիշ միտք չկա»,-ասաց նա։
Ասլանյանը դիմելով ընդդիմությանը՝ կոչ արեց ժողովրդին հանգիստ թողնել։
«Մեկ է՝ դուք իշխանության չեք գալու, որովհետև այդ իշխանությունը Նիկոլ Փաշինյանը չէ, այդ իշխանությունը ժողովուրդն է և այդ ժողովուրդը այդ իշխանությունը տվել է նրանց, ովքեր այդ իշխանությունը ժողովրդի համար են օգտագործում, իսկ սա կերևա պատմության մեջ։ Կգա ժամանակը և ամեն ինչ պարզ կլինի, հեռացեք, ամենաճիշտ սա կլինի»: