Ես գույք ու տուն չեմ ուզում, այլ պինդ, ամուր սահմաններ, արժանապատիվ խաղաղություն․ հիմա Հայաստանը պահելու ժամն է

Ես գույք ու տուն չեմ ուզում, այլ պինդ, ամուր սահմաններ, արժանապատիվ խաղաղություն․ հիմա Հայաստանը պահելու ժամն է

Գայանե Գաբրիելյանի կյանքում ամեն ինչ փոխվեց արցախյան առաջին ազատամարտի ժամանակ։ Ստեփանակերտի բժշկական ուսումնարանում սովորող 18-ամյա աղջիկն այն առաջին համարձակներից էր, երբ ընդունեց զինվորական հոսպիտալում բուժանձնակազմին օգնելու առաջարկը, գնաց ու ոլորտում մնաց երկար տարիներ, մինչև հասկացավ, որ նոր մասնագիտություն է պետք։ 

«Ուսանողական նստարանից վեր կենալու ու այդչափ պատասխանատու առաքելությունը վերցնելու որոշումն էր դժվար։ Առաջին պատերազմից հիմա շատ չի խոսվում, բայց այն ժամանակ իսկական ֆիդայական կռիվներ էին, որտեղ յուրաքանչյուր մասնակից ուղղակի հերոս էր բառիս ամենաուղիղ իմաստով»,- հիշում է Գայանեն։

Գայանեի համար կրկնակի պատասխանատվություն է եղել դրված։ Ասում է՝ ամեն րոպե սպասում էր, որ հիմա եղբորը բերեն։ Սամվելը պատերազմի ամենափոքր մասնակիցն էր։ «Ընդամենը 13 տարեկան էր։ Ու մեր հորդորներին հակառակ, ինքը ռազմադաշտում էր, պատերազմում էլ մեծացել է, հասունացել։ Սամվելը, որին մտերիմները նաև «Կուլտո» էին ասում, 3 անգամ ծանր վիրավորւմ էր ստացել։ Բարեբախտաբար, ինձ մոտ չեն բերել, որովհետև չգիտեմ՝ ինչ կլիներ հետս։ Դրանից հետո էլ մասնակցել է հայրենիքի պաշտպանության բոլոր մարտերին, անգամ այն վիճակում, երբ Մոսկվայում վիրահատվելուց հետո կրում է ուրիշի սիրտը»։

Գայանեն իր ավագ գործընկերների հետ վիրավոր զինծառայողներին բուժօգնություն է ցուցաբերել նաև դաշտային հոսպիտալներում, միաժամանակ ավելի հղկվել ու կատարելագործվել մասնագիտության մեջ։ Հերթական մարտական առաջադրանքի ժամանակ՝ Շեյլուի ազատագրման մարտերում, ռազմական ուղղաթիռի արկակոծության հետևանքով գլխի շրջանում վիրավորում է ստացել նաև երիտասարդ բուժակը։

«Կանտուզիա եմ ստացել ու ժամանակ էր պետք վերականգնվելու համար, Իսկ արնահոտից ավելի ու ավելի էր էին սրվում «պրիստուպներս»։ Դրա համար ծառայությունս շարունակել եմ շտապ օգնության կայանում»։

Արցախի պաշտպանության և ինքնորոշման համար տասնամյակներ շարունակ հակամարտությունը չէր դադարում։ Տեղային ու լայնամասշտաբ մարտերի ժամանակ, այսօր արդեն 51-ամյա կինը միշտ եղել է զինվորների կողքին՝ առաջին գծում։ Սակայն նրա համար ամենասպասվածը հատկապես տոն օրերին դիրքեր բարձրանալն էր, նոր տարին կամ հաղթանակի տոները նշելը։

Գայանե Գաբրիելյանը երկար տարիների ընդմիջումից հետո 2-րդ անգամ մայրացել է 2020-ին։

«Առողջական խնդիրներ ունեի, միշտ երազել եմ շատ երեխաներ ունենալու մասին, բայց աշխատանքը, պատերազմները, իրավիճակները խոչընդոտել են։ Ավագ որդիս հիմա արդեն 29 տարեկան է, իսկ փոքրս՝ Բելլան շուտով 4 կդառնա։ Նա 2 ամսական էր երբ առաջին անգամ գնացինք ապաստարան։ Պարզ էր, որ «44-օրյա»-ին հակառակ իմ ցանկությանը, հնարավոր չէր մանկահասակ երեխային թողնել ու գնալ հոսպիտալ կամ հիվանդանոց»։

2023-ի սեպտեմբերյան իրադարձությունների ժամանակ Գայանեն հայրենիքի ու երեխայի միջև երկընտրանքի առջև է կանգնել։ Դժվար կայացրած որոշումը սակայն չի ստացվել, որովհետև հաջորդ օրն Արցախի հայաթափման հաշվին կնքվել է համաձայնագիր կրակի դադարի մասին։

«Ասկերանի մեր տան պատուհանից ես հետևում էի «բլիժնի բոյերին»։ Տղաս զանգել-խնդրել է, որ գնանք ապաստարան, ես չգնացի։ Հեռվից նայում էի ու մի տեսակ մեղքի զգացում ունեի, որ ես տանն եմ։ Այդ օրը մեզ տարհանեցին Իվանյանի օդանավակայանի տարածք, ես այնտեղ չկարողացա մնալ, երեխայի հետ եկանք մեր տուն ու մնացինք մինչև սեպտեմբերի 29-ը։ Ռուսները եկան ու ասացին, որ մնալը մեզ համար վտանգավոր է, քանի որ Իվանյանում արդեն ադրբեջանցիներ էին»,- նշեց նա։

Գայանեն տեղահանությունից հետո ապաստանել է Արարատի մարզում։ Այստեղ էլ ամեն օր ուշքն ու միտքը հետ վերադարձն է, Արցախի վերաազատագրումը։ 

«Հիմա Հայաստանը պահելու ժամն է։ Ես գույք ու տուն չեմ ուզում, այլ պինդ, ամուր սահմաններ, արժանապատիվ խաղաղություն, որը չի գալու, եթե պատրաստ չլինենք պատերազմի։ Ես պատրաստ եմ իմ կարողության չափով կանգնել բանակի կողքին»,- հավելեց նա։ 

Հունան Թադևոսյան