Ու՞ր գնալ այս weekend-ին և ինչո՞վ զբաղվել. բացահայտում ենք Լոռին իր խենթացնող բնությամբ, պատմամշակութային գանձերով և յուրօրինակ կոլորիտով (լուսանկարներ)

Ու՞ր գնալ այս weekend-ին և ինչո՞վ զբաղվել. բացահայտում ենք Լոռին իր խենթացնող բնությամբ, պատմամշակութային գանձերով և յուրօրինակ կոլորիտով (լուսանկարներ)

Լոռին Հայաստանի ամենագեղեցիկ շրջաններից մեկն է: Դեբեդ գետի չքնաղ հովիտը, Գուգարքի և Ստեփանավանի անտառածածկ լեռները, խորխորատ ձորերն ու ժայռերը ճամփորդության սիրահարների համար անփոխարինել են:

Ստեփանավանի Սոճուտ դենդրոպարկը Հայաստանի եզակի հանգստավայրերից է: Դեբեդի հովտում աճում է նուռ, ծիրան, դեղձ, տանձ, խնձոր, սալորների բազմազան տեսակներ, արքայանարինջ և նույնիսկ՝ կիվի: Մարզում մեծ տարածում ունի հատապտուղների և վայրի բույսերի հավաքչությունը:

Լոռվա սիրված ճաշատեսակներն են՝ ղափաման, կորկոտը, խոզի խորովածը, մասրապուրը, հոնապուրը, չրով ճաշը, դդմով և լոբով պատրաստվող կերակրատեսակները, կոնչոլը: Մինչև օրս գյուղերում տարածված է քարե վառարաններում թխվող հացը, գաթան, նազուկը, բաղարջը, ագդակը, բիշին:

Մարզն աչքի է ընկնում նաև ազգաբնակչության էթնիկ կազմի բազմազանությամբ: Առանձնակի տեղ ունեն մալականները, ովքեր լինելով էթնիկ ռուսներ, առանձնանում են ինքնատիպ կրոնապաշտամունքային պատկերացումներով, մշակույթով ու կենցաղավարությամբ:

Պատմամշակութային ժառանգությամբ հետաքրքրվողները կարող են այցելել Լոռու բերդ և տեսնել բրոնզ-երկաթեդարյան բնակատեղին ու միջնադարյան քաղաք-ամրոցը:

Պատմաճարտարապետական  հուշարձաններից ուշագրավներ են վեցերորդ դարում կառուցված Օձունի վանքն ու կից  հուշակոթողը, Քոբայրի ու Ախթալայի որմնանկարազարդ վանքերը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Սանահինի և Հաղպատի միջնադարյան վանական համալիրները:

Առանձնակի տեղ ունի գեղատեսիլ բնությամբ հայտնի Դսեղ գյուղը, որտեղ էլ գտնվում է հայ հանճարեղ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը:

Եթե դուք հեծանվային արշավների սիրահար եք, ապա Լոռին կրկին իդեալական ընտրություն է: Դեբեդի կիրճի վերանորոգված գալար ճամփեքով հեծանիվ քշելը բացառիկ հաճույք է։ Եթե պատրաստ եք վերուվար քշելուն և հաճախ արագություններ փոխելուն, ուրեմն արժե հեծանիվով հասնել Լոռի։

Դեբեդի կիրճը բոլորին հիացնում է թե՛ իր բնությամբ, թե՛ պատմամշակութային վայրերի առատությամբ։ Իսկ երբ այդ երկուսը համատեղում ես, արդյունքում ստացվում է մի հրաշք երթուղի՝ Քոբայրից մինչև Օձուն, ինչնել հիանալի քայլարշավի տարբերակ է: Աննկարագրելի բավականություն կստանաք նաև քայլելով Արևածագի ձոր տանող արահետով (10 կմ), որը սկիզբ է առնում Կուրթան գյուղից, անցնում Հնեվանքի մոտով, որը VII դարի վանական համալիր է և շարունակվում է դեպի Արևածագի գյուղի ձոր, որը մեծ տարածում է գտել հանրության շրջանում իր չքնաղ տեսարանով։ Տեղացիները ժայռն անվանում են Ցիցքար, բայց և նշում, որ այն իրականում Ձորագետի ձոր անվանումն է կրում։

Հանգիստը ավելի հագեցած դարձնելու դեպքում հիանալի տարբերակ է նաև ռաֆթլինգը: Դեբեդի կիրճն ակտիվ հանգստի սիրահարներին ընձեռում է բացառիկ հնարավորություն՝ ստանալ ադրենալինի իրենց չափաբաժինը՝ վայելելով Դեբեդ գետի գեղեցկությունը։ Գեղատեսիլ կիրճով հոսող այս արագընթաց գետը կատարյալ միջավայր է ռաֆթինգի համար: Սրընթաց վայրէջք կատարելով գետի հունով, դուք կարող եք վայելել բնության հիանալի տեսարանները։

Ինչպես ողջ ՀՀ-ում, այնպես էլ Լոռու մարզում, վերջին տարիներին զարգանում է էկոզբոսաշրջությունը, որի խնդիրներն են բնական և մշակութային ժառանգության պահպանության օժանդակումը, ազգաբնակչության էկոլոգիական կրթությունը և իրազեկության բարձրացումը։

Ձիարշավների սիրահարների համար ևս կգտնվեն առաջարկներ: Դեբեդի կիրճում գործող ձիարշավարանները կազմակերպում են բազմապիսի տուրեր ձիերով։

Հանգստի ևս մի հիանալի առաջարկ՝ թռչնադիտարկում: Լոռու մարզը հիանալի հանգստավայր է թռչունների սիրահարների և օրնիտոլոգների համար։ Կարևորելով թռչունների միջավայրաստեղծ, գեղագիտական և էկոլոգիական մեծ նշանակությունը և գիտակցելով դրանց պահպանման անհրաժեշտությունը, այսօր Դսեղում գործում է Բնության և այցելուների կենտրոնը, որը նպատակ ունի խթանել էկոտուրիզմը և տեղական տնտեսությունների զարգացումը Լոռու մարզի այս գողտրիկ անկյունում:

Հայաստանի թռչունների պահպանման միությունը Դսեղի բնաշխարհն առանձնացրել է որպես կարևորագույն թռչնաբանական և կենսաբազմազանության տարածք: Հայաստանում նման տարածքներ կան ևս 17 բնակավայրերում: Դրանք արժեքավոր կենսամիջավայրեր են բնադրող, ձմեռող և չվող թռչնաշխարհի պահպանման համար: Տարածքն առանձնանում է բնադրող գիշատիչ թռչունների բազմազանությամբ, որոնցից են սպիտակագլուխ անգղը, մորուքավոր անգղը, գիշանգղը, փոքր արծիվը, տափաստանային ճուռակը, կրետակերը և այլն:

Դե ինչ, արդեն հավաքե՞լ եք հանգստի իրերը և շտապում եք հրաշագեղ Լոռի: