Մոտ 88 միլիոն դրամի հարկ են փորձել չվճարել․ ձերբակալվածներ կան (տեսանյութ)

Մոտ 88 միլիոն դրամի հարկ են փորձել չվճարել․ ձերբակալվածներ կան (տեսանյութ)

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննությամբ իրականացված անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններով, ինչպես նաև՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ գինու և կոնյակի արտադրությամբ ու վաճառքով զբաղվող «Շ…» ընկերության գլխավոր տնօրեն Ս.Շ.-ն, ընկերության գործունեությունը փաստացի ղեկավարող անձի՝ Հ.Շ.-ի և գլխավոր հաշվապահի՝ Մ.Ա.-ի հետ նախնական համաձայնությամբ, միասնական դիտավորությամբ, առանձնապես խոշոր չափերով՝ 88.190.429 ՀՀ դրամ հարկ չվճարելու նպատակով հարկային մարմին ներկայացված հաշվարկում մտցրել է խեղաթյուրված տվյալներ, ինչպես նաև նպատակ ունենալով թաքցնել հանցավոր ճանապարհով ստացված գույքի ծագումը՝ իրականացրել է փողերի լվացում:

Նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստերի հիման վրա միջնորդություններ են ներկայացվել հսկող դատախազին՝ Ս.Շ.-ի, Հ.Շ.-ի և Մ.Ա.-ի նկատմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 296-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, հանրային քրեական հետապնդում հարուցելու համար, որոնք բավարարվել են:

Նշված անձինք ձերբակալվել են։

Նույն օրը կատարվել են խուզարկություններ ընկերության գործունեության և մեղադրյալների բնակության հասցեներում, որոնց ընթացքում հայտնաբերվել են ընկերության գործունեությանը վերաբերող տվյալներ պարունակող էլեկտրոնային շտեմարան (սերվեր), համակարգիչներ և փաստաթղթեր:

Նախաքննությունը շարունակվում է:

Քննչական կոմիտե

Տեսանյութն այստեղ

«Գործարարներին են հալածում տարբեր աստիճանի։ Այսօր շատ պատվական մարդու, որ տարիներով ծառայել է մեր պետությանը, իրենց գործարանն են մտել, հարկային խուզարկումներ կատարել և ձերբակալել։

Շահնազարյան գինու-կոնյակի գործարանը, որ բացեիբաց մեր աջակիցն է, այսինքն՝ ոչ թե մեր, այլ ճշմարտության։ Ինձ հետ է եղել միշտ, անհատույց, այն եզակի գործարարներից է, որ անթաքույց է գործել, որովհետև մարդը հայրենիք ունի»,- ասել է Բագրատ Սրբազանը։