Ընդդիմության պայքարն ուղղված է հայոց պետականության փրկությանը

Ընդդիմության պայքարն ուղղված է հայոց պետականության փրկությանը

Թուրքիան որոշակիորեն սինխրոնացնում է հարաբերությունների կարգավորումը հայ-ադրբեջանական գործընթացի հետ: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

Թուրքիան և Ադրբեջանը շարունակում են Հայաստանն ու Արցախը կլանելու պանթուրքական ծրագիրը՝ ՀՀ իշխանություններն ուղղակի հետևում են այդ իրադարձություններին՝ չկարողանալով ոչ կանխել այդ գործընթացը, ոչ էլ առանձնապես փորձում են դա անել: 

Հայ-թուրքական և հայ-ադրբեջանական սահմանների բացումն իր մեջ պարունակում է հազարավոր ռիսկեր՝ տնտեսական, ժողովրդագրական էքսպանսիայից մինչև անվտանգային խնդիրներ՝ Հայաստանը կարող է վերածվել թուրքական լրտեսական ցանցերի թիրախի:

Տնտեսությունը կազմաքանդած և ՀՀ-ն աղքատության շեմին հասցրած ՔՊ-ական թիմն իհարկե չի էլ գիտակցում այդպիսի ռիսկերը՝ նրանց իշխանության մաս կազմող մի քանի օլիգարխների տնտեսական շահերն ավելի վեր են, քան Հայաստանի ու Արցախի ապագան: Անկարան և Բաքուն կառուցում են մեկ միասնական թյուրքական պետություն՝ Հայաստանն ու Արցախը նրանց համար միայն խանգարող հանգամանքներ են: Քանի դեռ ՀՀ-ում իշխանության են ՔՊ-ականները՝ Հայաստանն ու Արցախը չեն կարողանալու դիմադրել Մեծ Թուրանի կառուցման ռազմավարությանը:

ՀՀ-ում արագ իշխանափոխությունն ու ազգային, պետականամետ ընդդիմության իշխանության գալու պարագայում միայն հնարավոր կլինի փրկել հայկական պետականությունը թրքացումից: 

ՀՀ քաղաքացիները պետք է շարունակեն դիմադրության ակցիաներն ու ՀՀ դեռևս պասիվ քաղաքացիները պետք է դուրս գան հրապարակներ՝ իրենց երեխաների հայկական ապագայի համար: Ընդդիմության պայքարը կուսակցական պայքար չէ՝ այդ պայքարն ուղղված է թուրք-ադրբեջանական էքսպանսիայի կանխմանը՝ հնարավոր բոլոր մեթոդներով:

Վահրամ Բագրատյան