Ինչ վիճակ է այս պահին Ասկերանի շրջանի գյուղերում․ մանրամասներ

Այս պահին ռուս խաղաղապահների և հակառակորդի հետ ընթանում են բանակցություններ։ Սակայն մինչ այս պահը բանակցությունները որևէ արդյունք չեն տվել։
Այս մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց Արցախի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
Նա հավելեց, որ թշնամին դեռևս Ասկերանի շրջանի Փառուխ գյուղում է և գյուղը գտնվում է հակառակորդի վերահսոկողության տակ։
Հարցին՝ ինչպես է գիշերը հակառակորդի կողմից վիրավորում ստացած զինծառայողի առողջական վիճակը՝ Հակոբյանն ասաց․
«Վիրավորի մասին հստակ ինֆորմացիան ճշտվում է, այս պահին վիրավորին տեղափոխում են Ստեփանակերտի հիվանդանոց»։
Հիշեցնենք, որ երեկ մարտի 24-ին, ժամը 16:00-ի դրությամբ, Ադրբեջանի զինված ուժերն Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը: Պաշտպանության բանակի և Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչները փորձում են բանակցությունների միջոցով կասեցնել հակառակորդի հետագա առաջխաղացումը և նրանց վերադարձնել ելման դիրքեր:
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ տարհանվել են Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքի կանայք և երեխաները:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ադրբեջանական ստորաբաժանումները մարտի 25-ի գիշերը կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա՝ կիրառելով ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես էլ հարվածային ԱԹՍ: Ծավալված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից զոհվել է 5 զինծառայող: Հայկական կողմից կա մեկ վիրավոր։
Մերի Գևորգյան