Արձանագրվեց Արամ Երիցյանի հերթական հաղթանակը

Արձանագրվեց Արամ Երիցյանի հերթական հաղթանակը

Փաստաբան Ռոման Երիցյանի եղբոր՝ Արամին կալանավորելու միջնորդությունը կրկին մերժվեց։ 

MediaHub-ի հետ զրույցում փաստաբանը հույս հայտնեց, որ դատավոր Մարտին Արզումանյանի որոշումն իր դերակատարությունը կունենա Հայաստանի Հանրապետության արդարադատության որակի բարձրացման հարցում։ «Կրկնում եմ՝ սա այն եզակի դեպքերից է, երբ դատավորն առաջնորդվեց բացառապես խղճով ու օրենքով։ Արդյունքը ոչ միայն պաշտպանության կողմի գրանցած հաղթանակն է կամ քննչականի հերթական պարտությունը, այլև դատական համակարգի հեղինակության ամրապնդումը»,- նշեց նա։ 

Երիցյանն ասում է, որ հետևելով օրենսդրական ու սահմանադրական կանոններին՝ դատավորն արձանագրեց, որ դատարանի չվերացված ցանկացած որոշում պարտադիր է, իսկ դրա անտեսումը՝ անթույլատրելի։

«Միևնույն ժամանակ զարմանում եմ՝ ինչպես կարող էր մարդկային ու մասնագիտական նման արժեքներ ունեցող դատավորը, կալանավորման հիմքերի ու հիմնավոր կասկածի ակնհայտ բացակայության պայմաններում Ստեփանակերտի քաղաքապետին կալանավորել 20 օր ժամկետով։ Խնդիրը հասկանում եմ, բայց միաժամանակ՝ զարմանում»։

Հիշեցնենք, որ օրեր առաջ արգելված վայրում կանգառ կատարելու պատճառով Արամ Երիցյանի նկատմամբ բռնի ուժ են գործադրել ոստիկանության պարեկային ծառայողները։ Սակայն քննիչը չի տրամադրել տեսաձայնագրությունը։

«Տեսաձայնագրությունը թաքցնելու պատճառն այն է, որ դրանով հստակ լսվում է՝ ինչ բնույթի հայհոյանքներ են հնչեցվել եղբորս ու բոլոր արցախցիների հասցեին, ինչպես նաև հստակ երևում է, թե ինչ բնույթի բռնություն է կիրառվել եղբորս նկատմամբ նրան աստիճաններով ոստիկանության բաժնի երկրորդ հարկ տեղափոխելիս։ Այս ամենը, ցավոք, արձանագրված չէ մեր ձեռքի տակ եղած տեսաձայնագրությամբ, քանզի դրա հեղինակը, այսինքն՝ պարեկային ծառայողը, ոստիկանության բաժնում եղբորս երկրորդ հարկ տեղափոխելու գործողությանը չի մասնակցել»,- ասաց Ռոման Երիցյանը։

Փաստաբանը միաժամանակ հիշեցրեց՝ ՀՀ ոստիկանության պետի 2021 թվականի հունիսի 25-ի 36-Լ հրամանով հաստատվել է պարեկային ծառայության կանոնակարգը, որի 56-րդ կետի համաձայն՝ քաղաքացիների հետ փոխհարաբերություններում պարեկային ծառայողը պետք է դրսևորի քաղաքավարություն և նրբազգացություն։

«Նույն կանոնագրքի 57-րդ կետի համաձայն՝ պարեկային ծառայողը պետք է քաղաքացուն դիմի հարգանքով, «Դուք»-ով, իր պահանջներն ու դիտողությունները ներկայացնի համոզիչ ձևով: Քաղաքացուն դիմելիս պետք է նրան ողջունի, որից հետո, ձեռքը հպելով գլխարկին, բարձրաձայնի իր ազգանունն ու կոչումը: Եթե քաղաքացիներն են դիմում պարեկային ծառայողին, ապա նա նույնպես պարտավոր է ձեռքը հպել գլխարկին, ուշադիր լսել նրանց և միջոցներ ձեռնարկել՝ վերջիններիս հայտարարությունների հետ կապված»:

Դատարանը երեկ՝ արդեն 2-րդ անգամ մերժեց Ռոման Երիցյանի եղբորը՝ Արամ Երիցյանին կալանավորելու միջնորդությունը, որը քննչականն այս անգամ ներկայացրել էր իրավունքի և բարոյականության սկզբունքների արհամարհմամբ։ 

«Նորից արձանագրում եմ, որ գրանցվեց Արամի հաղթանակը»,- հավելեց փաստաբանը։

Հունան Թադևոսյան