Հայկ Մարությանը դռնեդուռ է ընկել 

Հայկ Մարությանը դռնեդուռ է ընկել 

Երևանի ավագանու սպասվող ընտրություններին ընդառաջ նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն իր տեղը չի գտնում։ 

Իր իսկ լեզվով ասած՝ քաղաքական թատրոնից հեռացած ու ոտ-ոտ Սունդուկյան թատրոն գնացած Մարությանն ընտրություններին մասնակցելու վերջնական որոշում չունի և պատճառը ոչ թե ցանկության բացակայությունն ու չկողմնորոշվելն է, այլ՝ թիմ չունենալը։ 

Իրականում շատ են այն մարդիկ, որոնք պատրաստակամ են Մարությանի հետ ընտրության գնալ. օրինակ, Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը, ով բազմիցս է խոսել այս մասին, Գրիգոր Երիցյանը նույնպես հավատարիմ է նախկին քաղաքապետին, համոզված ենք՝ կգտնվեն էլի շատերը: Բայց Մարությանի համար, կարծես թե, մի բան պակաս է, ավելի կոնկրետ՝ նրան ուժ է պետք, քաղաքական թև ու հենարան։ 

Կարգին հաղորդման «գոհարներով» ասած՝ ընկերներով ծերանոց են ուզում կառուցել, բայց 100 դրամ չի հերիքում։ Եվ, թերևս, սա է պատճառը, որ վերջինս դռնեդուռ ընկած փորձում է իր կողքին մարդկանց հավաքել։ MediaHub-ի տեղեկություններով՝ այս ընթացքում Մարությանը հանդիպել է մի շարք քաղաքական ուժերի ու անհատների հետ: Մասնավորապես, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանին ու առաջարկել միասին գնալ քաղաքապետի ընտրություններին։ Սակայն Սարգսյանից մերժում է ստացել, որովհետև կան խոսակցություններ, որ Զավենիչի կուսակցությունը ՔՊ-ի թեկնածու Տիգրան Ավինյանին է աջակցելու, ավելին՝ քննարկվում է նաև փոխքաղաքապետի աթոռներից մեկը ավագանու գործող անդամ Անի Խաչատրյանին տալու հարցը։ 

Իսկ թե ինչու հենց Զավենիչին է դիմել Մարությանը, հստակ գիտակցելով, որ վերջինս Նիկոլ Փաշինյանի՝ այն անձի, ում հետ անհաշտությունը բերեց նրա քաղաքապետի պաշտոնից վաղաժամ հեռանալուն, այս հարցը ունի մեկ պատասխան. Արամ Սարգսյանը, որքան էլ զարմանալի չթվա, բայց անցած խորհրդարանական ընտրություններին վատ արդյունք ցույց չի տվել Երևանում, իսկ դա կարևոր հանգամանք է:

Փնտրտուքների արդյունքում Մարությանը հանդիպել է նաև «Ապրելու երկիր» կուսակցության ներկայացուցիչների հետ։ Բայց դաշինք կազմելն այս դեպքում ամենաանհավանականն է, քանի որ կուսակցության թեկնածուն արդեն հայտնի է՝ Մանե Թանդիլյան, որն էլ իր քարոզարշավն արդեն սկսել է։ 

Մարությանի նման անորոշ վիճակում է նաև նախկին ՄԻՊ Արման Թաթոոյանը. երկուսն էլ հստակ որոշում չունեն։ Ամեն դեպքում, Հայկ Մարությանը կամ Կարգին Հայկոն իր լսարանն ու աջակիցներն ունի Երևանում, ընտրողները քիչ չեն լինի, բայց ավագանիում մեծամասնություն կազմելը վերջինիս համար բարդ է լինելու․ ռեյտինգը ցածր չէ, սակայն փոխքաղաքապետ Ավինյանն այս պահին մեծ առավելություններ ունի։ Մնում է՝ սպասել հուլիսի ավարտին․ Իզաբելլա Աբգարյանը MediaHub-ի հետ զրույցում ասել էր՝ այդ ժամանակ վերջնական որոշումը պարզ կլինի։ Ասում են՝ որոշումը կարող է հնչեցվել հուլիսի 21-ի ներկայացմանը, և մեզ մնում է հույս հայտնել, որ Մարությանը շուտ կկողմնորոշվի, այլապես այս վիճակը նրան «կազմաքանդ ա անում»։