Ինչ է պատասխանել Ադրբեջանը, ՔՊ-ն գողականների է խառնել Գյումրու ընտրություններին. Մամուլը՝ սուրճով

Ինչ է պատասխանել Ադրբեջանը, ՔՊ-ն գողականների է խառնել Գյումրու ընտրություններին. Մամուլը՝ սուրճով

«Հրապարակ» գրում է․ 

Պաշտոնական Երեւանը երեկ հայտարարեց, որ ստացել են խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի պատասխանը, որին սպասում էին երեքուկես ամիս, բայց չի գաղտնազերծվում՝ ինչ պատասխան են ստացել: Փաշինյանը երեկ ասաց,որ համաձայնության չեն եկել, ոչ էլ կարող է ասել, թե մերժել են: Կասկածներ կան, որ չհամաձայնեցված կետերին եւս երկուսն է գումարվել՝ «Զանգեզուրի միջանցքի» բացումը եւ նոր սահմանադրության ընդունումը։ Բանն այն է, որ մինչեւ վերջերս երկկողմ հայտարարություններ էին արվում, որ դեռեւս չեն համաձայնեցրել 2 կետ` միմյանց նկատմամբ միջազգային հայցերից հրաժարվելու եւ սահմանին երրորդ երկրների ներկայացուցիչներ չտեղակայելու կետերը։ Սակայն 2 օր առաջ Ադրբեջանի խորհրդարանի փոխնախագահ Ասկերովը 17 կետանոց խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված երկու դրույթ է նշել, որոնցից մեկը վերաբերում է Հայաստանի Սահմանադրության փոփոխությանը, մյուսը՝ «Զանգեզուրի միջանցքին»։ 

Սա՝ այն դեպքում, երբ դեռ ամիսներ առաջ է հայտարարվել, որ ճանապարհների ապաշրջափակման կետը հանվել է պայմանագրից։ Չնայած ԱԺ փոխխոսնակը հերքել է ադրբեջանցի պաշտոնակցի հայտարարությունները՝ նշելով, որ պայմանագրում նման կետեր չկան, սակայն կյանքը ցույց է տվել, որ Ադրբեջանի պաշտոնյաների հայտարարությունները, վաղ թե ուշ, իրականություն են դառնում։

 

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մոտ երկու շաբաթ առաջ տեղեկություն տարածվեց, որ Ադրբեջանը Հաագայի մշտական արբիտրաժային դատարան հայց է ներկայացրել ընդդեմ Հայաստանի՝ պահանջելով «ամբողջական փոխհատուցում շրջակա միջավայրի և կենդանական աշխարհի զանգվածային ոչնչացման համար»: Դեռևս 2023 թ. հունվարին էր հայտնի դարձել, որ Ադրբեջանը Հայաստանի դեմ միջպետական արբիտրաժային գործընթաց է նախաձեռնել և փոխհատուցում է պահանջում «Ղարաբաղում և Արևել յան Զանգեզուրում շրջակա միջավայրի և կենսաբազմազանության ոչնչացման համար»։

Իհարկե, Հայաստանից հստակ արձագանք եղավ, մասնավորաբար Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը նշել էր, որ «հակառակ Ադրբեջանի պնդումների՝ ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի և այլ անկախ մարմինների զեկույցները փաստացի վկայում են, որ շրջակա միջավայրին հասցված վերջին տարիների վնասի պատասխանատուն հենց Ադրբեջանն է», և որ «Հայաստանը հերքելու է Ադրբեջանի անհիմն պահանջները, ներառյալ՝ փոխհատուցման պահանջը»:

Սակայն այստեղ ուշագրավ է այն հանգամանքը, որ այս ամբողջ ընթացքում նշյալ խնդրին այդպես էլ չանդրադարձան հայաստանյան բնապահպանական կազմակերպությունները: Ի դեպ, շատ փորձագետներ կարծում են, որ Ադրբեջանի ներկայացրած հայցի «մեղադրանքները» տարիներ շարունակ գեներացրել են հենց նշյալ ՀԿ-ներն ու որոշ անհատ բնապահպաններ: Փոխարենը նրանք շատ ակտիվ էին հունվարի վերջին ԶՊՄԿ-ում մի քանի հարյուր աշխատակցի կողմից աշխատանքների խափանման գործողությունների օրերին և ինտենսիվ պաշտպանում էին աշխատանքը բոյկոտողներին: Ավելին, նշյալ շրջանակները շարունակաբար թիրախավորում են Հայաստանի հանքարդյունաբերությունը, այդ թվում՝ ԶՊՄԿ-ն, այն պարագայում, որ վերջինս փաստացի մեր երկրի տնտեսության ողնաշարն է, խոշոր հարկատուների ցանկի ընդգծված առաջատարը: Եթե հաշվի ենք առնում, որ նույն Ադրբեջանի թիրախը հենց Սյունիքն է, այդ թվում՝ հանքարդյունաբերությունը, ապա այս ամենը ոչ միայն տարօրինակ է, այլև իր խորքում ունի անվտանգային լուրջ բաղադրիչ:

 

«Հրապարակ» գրում է. 

Թեպետ ողջ իշխանական, պետական ռեսուրսը կենտրոնացվել է Գյումրիում, որովհետեւ իշխանությունը հասկանում է, որ Գյումրիում պարտությունն իրենց հեռանալու ազդակն է լինելու, սակայն, ըստ բոլոր հարցումների, ՔՊ-ի վիճակը լուրջ է, եւ անգամ վարչական ռեսուրսով Գյումրիում տարբեր կենցաղային խնդիրների լուծումը, փողոցների բարեկարգումը եւ այլն, չեն բարձրացրել իշխանության վարկանիշը։ Օրումեջ սոցհարցումներ անցկացնող իշխանությունը հուսահատ քայլեր է անում` անգամ գողական շրջանակներին են ներգրավել Սարիկ Մինասյանի հաղթանակի համար: Գյումրեցիները վստահ են, որ Սարիկը «հաղթելու ձեւ չունի», եւ կարծում են, որ կրիմինալի մասնակցությունը նաեւ նրա համար է, որ «վերջին վարյանտ»` ինչ-որ բեմադրությամբ չեղարկեն ընտրությունները։

Ի դեպ, Գյումրիում ընտրություններն էլ խորհրդանշական օր են կայանալու` 2018 թվականի մարտի 31-ին Նիկոլ Փաշինյանը հենց Գյումրուց սկսեց քայլարշավը եւ եկավ իշխանության, չի բացառվում, որ հիմա էլ Գյումրիով սկսվի իշխանափոխությունը։ Կստացվի, որ «հեղափոխությունը» ծնվեց ու մեռավ ճիշտ նույն օրը եւ նույն վայրում։