Հոգևոր Հայաստանը պետք է հաղթի «նոր Հայաստանին». Բագրատ Սրբազան (ֆոտոշարք)

Հոգևոր Հայաստանը պետք է հաղթի «նոր Հայաստանին». Բագրատ Սրբազան (ֆոտոշարք)

MediaHub-ը շարունակում է հանդես գալ նոր նախագծով՝ ֆոտոշարք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից: 

Լուսանկարիչ Գեղամ Մկրտչյանը ներկայացնում է Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր սպասավորներին: Եվ ամենքն իր խոսքը կուղղի MediaHub-ի ընթերցողներին:

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան, Տավուշի թեմի առաջնորդ.
«Ես երազում եմ երեք «Ա»-երի Հայաստանի մասին, որի քաղաքացիներն ԱԶԱՏ են, հասարակությունը՝ ԱՐԴԱՐ, ժողովուրդը՝ Աստվածապաշտ։ Տաճարը պետք է հաղթի փողոցին, այսինքն՝ այն բարքերին, որոնք գոյություն ունեն մեր կյանքում։ 

Այո, Հոգևոր Հայաստանը պետք է հաղթի «նոր Հայաստանին», սա պետք է լինի մեր նշանաբանը։ Հոգևոր Հայաստանը, Ավետյաց Երկիրը մեր տեսիլքն է, ձգտումն ու երազը, նոր Հայաստանը՝ մեր իրականությունը։ Մեր խոցված իրականությունը խոսում է նաև մեր հոգևոր արժեքային ճգնաժամի մասին, այսինքն՝ այնտեղ է պատճառը՝ մեր մեղքը չընդունելու, ինքնաարդարացման: Միգուցե մեզանից շատերը չտեսնեն Ավետյաց Երկիրը, բայց մենք կոչված ենք այդ տեսիլքով ապրելու և կառուցելու մեր Ավետյաց Երկիրը: 

Հոգևոր Հայաստանը տեսիլքի վերականգնումն է: 

Բոլոր նրանք, որոնք հայրենիք ունեն, պետք է սնվեն այն գաղափարներով, որոնք միտված են մեր տեսիլքի իրականացմանը․ դա անվտանգ, հզոր հայրենիք ունենալն է՝ Արցախով, բանակով, Եկեղեցիով, կրթված ու գիտակից սերնդով։ Ոչ թե անցյալից. այլ ապագայից պիտի գանք մեր ներկան` ապրելով մեր հայացքներն ուղղված դեպի Ավետյաց երկիր»։