Ճշմարտությունը բարձրաձայնված է․ Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստը սկսեց ՄԱԿ-ի ԱԽ երեկվա նիստի գնահատմամբ։ Նրա խոսքով՝ միջազգային բարձրագույն ատյանում ընդգծվեց Լաչինի միջանցքի փակ լինելը։

«Իհարկե, հանրությանը կարող է տարօրինակ թվալ, որ սա արձանագրում եմ որպես ԱԽ-ում տեղի ունեցած քննարկման արդյունք, բայց չպետք է մոռանանք՝ Ադրբեջանը միշտ պնդում է, որ Լաչինի միջանցքը փակ չէ։ Երկրորդ, ընդգծվեց, որ ԼՂ-ում հումանիտար աղետ է, և կասկածի տակ է դրված 120 հազար մարդու կյանք։ Բացի այդ՝ Հաագայի դատարանի որոշման չկատարումը ևս ընդգծվեց։ Ճշմարտությունը բարձրաձայնված է»,- նկատեց Փաշինյանը։

Բայց և այնպես, նա շեշտեց՝ հնչած կոչերը դեռևս կյանքի կոչված չեն։

«Հումանիտար իրավիճակը ԼՂ-ում սրվում է, գյուղատնտեսական աշխատանք կատարող ղարաբաղցիներն ադրբեջանցիների կրակահերթի տակ են։ Ղարաբաղցին չի կարողանում իր ցանած հացահատիկը հավաքել, որ ալյուր ստանա։ Ադրբեջանը ցեղասպանություն է իրականացնում ԼՂ ժողովրդի նկատմամբ, և միջանցքի բացումը ցեղասպանության կանխարգելում պետք է դիտարկել»,- շեշտեց Նիկոլ Փաշինյանը։

Նա վերահաստատեց իր հավատարմությունը խաղաղության օրակարգին և նկատեց՝ իրավիճակը պետք է կարգավորվի Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջոցով։

Մանրամասները՝ տեսանյութում։