Մայրենիի դասագրքերում ադրբեջանցի գրողների գործե՞ր են ներառված․ ԿԳՄՍՆ-ն պարզաբանում է

Մայրենիի դասագրքերում ադրբեջանցի գրողների գործե՞ր են ներառված․ ԿԳՄՍՆ-ն պարզաբանում է

Երկու օր առաջ համացանցում լուսանկարներ էին տարածվել, որ դպրոցական դասագրքերում ադրբեջանցի գրողների գործեր են ներառված։ Այդպես, «Ազգային» պատմամշակութային հասարակական կազմակերպությունը հայտարարություն էր տարածել, որ ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Արթուր Մանուկյանի միջոցով ադրբեջանցի գրողների գործերը ներմուծվում են հայկական դպրոցական դասագրքեր:

«Սա ոչ միայն կրթական դաշտի ապակայունացման փորձ է, այլև ուղղակի սպառնալիք ազգային անվտանգությանը»,- ասված է հայտարարության մեջ։

Համացանցում տարածվող լուսանկարներում երևում է, որ «Մեր բակի պատմություն» պատմվածքի հեղինակը Արզու Սոլթանին է, իսկ որոշ նկարներում հեղինակը Արթուր Մանուկյանն է, հետևապես այս պատմվածքը բազմաթիվ հարցեր առաջ քաշեց՝ ի վերջո, ո՞վ է հեղինակը։

MediaHub-ը դիմեց ԿԳՄՍՆ–ին, հասկանալու, թե ինչպե՞ս է 5-րդ դասարանի Մայրենի լեզվի դասագրքում հայտնվել ադրբեջանցի գրողի գործը, որքանո՞վ է նպատակահարմար, երբ ադրբեջանական դասագրքերը լի են հայատյաց նյութերով, որպեսզի հայկական  դասագրքերում մենք տիրաժավորենք ու հանրամատչելի դարձնենք թշնամու հեղինակներին: Հետաքրքրվել էինք նաև, թե ո՞վ է խնդրահարույց պատմվածքի հեղինակը՝ Արզու Սոլթա՞նը, թե՞ Մանուկյանը: 

«ԿԳՄՍՆ-ի կողմից երաշխավորված 5-րդ դասարանի մայրենիի գիրքը հրապարակված է, նախարարության կողմից երաշխավորած դասագրքում նման հեղինակ չկա»,– նշեցին ԿԳՄՍՆ–ից։

ԿԳՄՍ նախարարությունից մեզ տրամադրեցին նաև դասագրքի լինքը, որտեղ պատմվածքի հեղինակ նշվում է Արթուր Մանուկյանի անունը։  

Մարիաննա Արամյան