Տնտեսական բո՞ւմ, թե՞ սպեկուլյատիվ աճ

Տնտեսական բո՞ւմ, թե՞ սպեկուլյատիվ աճ

Երեկ Նիկոլ Փաշինյանը դարձյալ խոսել է տնտեսության «աննախադեպ» աճի մասին՝ օգտագործելով ավելի պերճախոս որակումներ:

Այսօր Հայաստանի տնտեսությունը բում է ապրում, խորհրդարանում հայտարարել է վարչապետը՝ ներկայացնելով 2023 թվականի պետական բյուջեի նախագիծը։

Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ միայն այս տարվա առաջին կիսամյակում տնտեսական ակտվիության ցուցանիշը կազմել է 14,1 տոկոս, ինչը չափազանց կարևոր ցուցանիշ է ետպատերազմական ու ետքովիդյան ծանր շրջանը հաղթահարելու տեսանկյունից։

Փորձելով բացատրել, թե ինչ կապ ունի իր կառավարությունը տնտեսական այս հաջողության հետ՝ Փաշինյանն ասել է, թե քաղում են մենաշնորհի և համակարգային կոռուպցիայի դեմ պայքարի իրենց քաղաքականության պտուղները։

Տնտեսական կառուցվածքի մասին Փաշինյանի պնդումները, մեղմ ասած, օբյեկտիվ չեն, ինչին անդրադարձել ենք մեր կայքի երեկվա հրապարակման մեջ:

Այսօր կխոսենք մի քանի հանգամանքների մասին:

Իրականում մարդկանց կենսամակարդակը չի լավացել, ավելին՝ աղքատությունն աճել է: Համաշխարհային բանկը, օրինակ, իր զեկույցներից մեկում գնահատել է, որ այս տարվա առաջին երեք ամիսներին թերսնված մարդկանց թիվն աճել է 81 հազարով, այդ թվում՝ թերսնված երեխաների:

Աղքատության այս մակարդակը հաջորդ տարի չի հաղթահարվելու. 2023 -ի  բյուջեի նախագծում սոցիալական ոլորտի համար միայն 10 տոկոս ավելացում է նախատեսված:

Դոլարի կտրուկ արժեզրկման հետևանքով հիմնականում արտահանմամբ զբաղվող տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում առաջացած ճգնաժամն արդեն կես տարուց ավելի է՝ ոչ միայն չի կարգավորովում, այլև խորանում է։

Տնտեսության համար ռազմավարական նշանակություն ու հարկային մեծ հոսքեր բերող համայնքում տարակուսած են՝ ինչի՞ է սպասում կառավարությունը, ինչո՞ւ ոչ մի գործնական քայլ չի ձեռնարկել անցած 7 ամիսների ընթացքում։

Ըստ որոշ տվյալների, արտերկրից դոլարային հոսքերը անցնում են երկու միլիարդը: Հենց սրանով է պայմանավորված տնտեսական աննախադեպ աճը, ինչի համար պարտական ենք ոչ թե կառավարությանն ու նրա արդյունավետ քաղաքականությանը, այլ՝ ռուս- ուկրաինական պատերազմին:

Վահրամ Բագրատյան