Պաշտոնական Երևանը դեռևս շարունակում է «բացահայտել» ԵԱՀԿ Մինսկի խմբի իմաստն ու նշանակությունը

Պաշտոնական Երևանը դեռևս շարունակում է «բացահայտել» ԵԱՀԿ Մինսկի խմբի իմաստն ու նշանակությունը

Արտգործնախարար Արարատ Միրզոյանը երեկ Երևանում ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բրիս Ռոքֆոյին: Ըստ հանդիպմանը հաջորդած մամուլի հաղորդագրության կարևորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը՝ իր մանդատի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում։

Հաղորդագրության վերջում կողմերը ևս մեկ անգամ ընդգծել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության և համանախագահ երկրների միջնորդական դերը։ Ակնհայտ չէ՝ Լավրովի վերջին հայտարարությունից հետո, որքանով արդյունավետ կլինի այս հանդիպումը։ Մյուս կողմից, այնպիսի տպավորություն ունենք, որ պաշտոնական Երևանի կողմից ոչ այնքան այսօրվա հանդիպման բովանդակությունն է կարևորվել, որքան Լավրովի վերջին պնդումներին հակադրվելը։ Երևանի նման մարտավարությունը հաշվարկվա՞ծ է, թե՞ դարձյալ գործ ունենք հախուռն մի քայլի հետ, որի հետևանքները շուտով զգացնել են տալու։

Իհարկե, զուտ տեսականորեն չբացառենք, որ Երևանը փորձում է հենց Մոսկվայի հորդորով, որոշակի կանալ ապահովել նրա ու արևմտյան մայրաքաղաքների միջև։ Այս վարկածն, անկեղծ ասած, արժանահավատ չի թվում։
Երեկ երեկոյան տեղի է ունեցել մեկ այլ իրադարձություն, որը դարձյալ անուղղակիորեն վկայում է, թե ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունը ինստիտուցիոնալ հարթության վրա փաստացի չի գործում։ Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Նախարարները մտքեր են փոխանակել սահմանազատման ու սահմանային անվտանգության հանձնաժողովի ձևավորման, խաղաղ բանակցությունների նախապատրաստման և հումանիտար խնդիրների վերաբերյալ։

Երևանն ու Բաքուն ստեղծում են ուղղակի շփման մեխանիզմներ, ինչն անուղղակիորեն խոսում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության փաստացի ինստիտուցիոնալ չգոյության մասին։ Այս պարագայում՝ անհասկանալի է, թե ինչու է պաշտոնական Երևանի կողմից ֆետիշացվում ԵԱՀԿ ՄԽ համանախագահության թեման։

Վահրամ Բագրատյան