Այսօր, ինչպես և նախատեսված էր, լինելու եմ Մաշտոցի պուրակում. Սահակյան

ՀՀ փոխոստիկանապետը, մոտ 40 համազգեստով և մոտ 10 քաղաքացիական հագուստով ոստիկաններ կեսգիշերին Մաշտոցի պուրակից բերման են ենթարկել «Քաղաքացու որոշում» կուսակցության առաջնորդ Սուրեն Սահակյանին, անդամներ Վահագն Մինասյանին ու Հայկ Սահակյանին։ Այս մասին դեռ գիշերը հայտնել էր կուսակցության Գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանը:
Mediahub-ի հետ զրույցում Սահակյանը հայտնեց, որ 3 ժամ անց նրան ազատ են արձակել, քանի որ վարչական վարույթի շրջանակներում 3 ժամից ավելի պահելու իրավունք չունեն։ Մեր զրուցակիցը նաև նշեց, որ այսօր, ինչպես և նախատեսված էր, լինելու է Մաշտոցի պուրակում.
«Շարունակելու եմ իմ գործունեությունը»,- շեշտեց նա։
Հիշեցնենք, որ գործիչներին բերման էին ենթարկել վրան տեղադրելու համար, քանի որ նախատեսել էին առաջիկա շաբաթն անցկացնել շուրջօրյա հանդիպում-քննարկումներով։ Այդ քննարկումների նպատակն է լինելու ձևավորել նախաձեռնող շտաբ` Հայաստանին սպառնացող վտանգները չեզոքացնելու նպատակով։
Մարիա Զարգարյան