Գաղտնալսող սարքեր են տեղադրում, Կայցելի Սյունիք, ստուգատես կլինի․ Մամուլը՝ սուրճով

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման որոշ անդամների ու աջակիցների մեքենաները շուրջ մեկ ամիս է՝ իրավապահների մոտ են։ Երբ հետաքրքրվում են՝ ի՞նչ նպատակով են պահվում, պատասխանում են՝ ստուգում ենք։ Իրավապահ համակարգից մեզ ասացին, որ մեքենաները ոչ այնքան ստուգում են, որքան դրանց մեջ գաղտնալսող սարքեր են տեղադրում: Մի քանի օր «ստուգելուց» հետո կանչում են, մեքենան վերադարձնում տիրոջը եւ դառնում նրա մշտական «ուղեկիցը»։ Բայց ապօրինությունները սրանով չեն ավարտվում։ Գաղտնալսումները հայտնվում են իշխանական լրատվամիջոցներում։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամ Գառնիկ Դանիելյանն ասաց, որ տեղյակ է այդ ամենից՝ ոչ միայն մեքենաների մեջ են «ժուչոկներ» տեղադրում, այլեւ՝ հեռախոսներում։ «Շարժման ակտիվ աջակիցներին ու անդամներին բերման են ենթարկել, հեռախոսներն առգրավել են մի քանի ժամ, երբեմն նաեւ օրերով պահել են իրենց մոտ ու գաղտնալսող սարքեր տեղադրել։ Մոտավորապես նման եղանակով նաեւ մեքենաների մեջ են տեղադրել, երբ առանց որեւէ իրավական հիմքի քաղաքացու մեքենան տարել են տուգանային հրապարակ»,- պատմեց նա։
Փաստաբան Ռուբեն Մելիքյանն էլ ասաց, որ նման տեղեկություն ունի, որ շարժման անդամների մեքենաներում գաղտնալսող սարքեր են տեղադրում։ «Բազմաթիվ դեպքեր կան, երբ պարեկները հակաօրինական ճանապարհով, առանց հիմնավորման, տուգանային հրապարակ են տարել քաղաքացիների մեքենաները։ Ամենատարածվածը տեխզննում չանցած մեքենաները տուգանային հրապարակ տանելն է եղել, մինչդեռ դրա համար հասնում է միայն տուգանք»: Իրավապահ համակարգի մեր աղբյուրը քաղաքացիներին խորհուրդ է տալիս՝ ոստիկանությունից, քննչականից մեքենաներն ու հեռախոսները վերցնելիս ստուգել դրանք։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամը իր պաշտոնական կայքում հաղորդագրություն է տվել նախօրեին դրամահավաքի արդյունքում գոյացած 42 միլիոն դրամը սկսնակ կին գործարարներին բաշխելու մասին։
Հիշեցնենք, որ 42 միլիոնը գոյացել էր հատուկ այդ նպատակով կազմակերպված ընթրիքի արդյունքում` մեկ ընթրող/մեկ միլիոն սկզբունքով։
Եվ ահա, պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ «Իմ քայլի» աշխատակից Վահագն Թեւոսյանը «առաջարկել» է միլիոնանոց ընթրիքները դարձնել շարունակական։
Հ.Գ. Զարմանալի է, թե «նախկինները» իրենց թալանը ինչո՞ւ չէին կազմակերպում ընթրիքի անվան տակ։ Գեղեցիկ է հնչում՝ ընթրիք, կին գործարարներ….»:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ակտիվն ու աջակիցներն ուրբաթ օրը նախատեսում են այցելել Սյունիքի մարզ։ Առաջին կանգառը կլինի Մեղրիում, կշրջեն տարբեր համայնքներում, երկուշաբթի կվերադառնան։ Դեռ հունիսի 23-ին Բագրատ սրբազանը հայտարարել էր. «Պետք է գնանք գյուղերով, ամեն տուն մտնելով:
Մենք մարդ բերելու հետեւից չպետք է գնանք, մենք՝ ինքներս պետք է գնանք ժողովրդի մոտ: Չպիտի վախենանք մեր ժողովրդից: Որովհետեւ տեղերում էլ են ինքնաբուխ շատ բաներ կատարվում»: Այս այցը նաեւ ստուգատես է լինելու երբեմնի ընդդիմադիր համայնքապետերի՝ Առուշ Առուշանյանի, Գեւորգ Փարսյանի, Մանվել Փարամազյանի համար` կհանդիպե՞ն սրբազանի հետ, թե՞ «կարեւոր գործով» կբացակայեն մարզից։