Արցախում իշխանությունը կոտրում է մարդկանց կամքը, վիճակն այստեղ շարունակում է լարված մնալ․ Գալստյան

Արցախում իշխանությունը կոտրում է մարդկանց կամքը, վիճակն այստեղ շարունակում է լարված մնալ․ Գալստյան

Արցախի գերության 81-րդ օրն է։ Այս ընթացքում հայկական երկրորդ պետությունում նոր պետնախարար նշանակվեց, ըստ ամենայնի՝ կադրային ջարդ է սպասվում, բայց ներքաղաքական պրկված, անորոշ վիճակը շարունակում է նույնը մնալ։

«Լարումը ոչ թե կադրային հարցերով է, այլ ավելի շատ Արդբդեջանի հետ հանդիպումների մասով։ Մեր ու Ադրբեջանի պաշտոնական հաղորդագրություններն իրարից էապես տարբերվում են, մենք չգիտենք՝ ինչ են խոսել, ինչի շուրջ են պայմանավորվածություններ ձեռք բերել»,- MedaiHub.am-ի հետ զրույցում ասաց Արցախի «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը։

Նրա խոսքով՝ տարբերվող մտքեր են հնչում, իսկ Արցախի իշխանությունը ոչ մի քայլ չի անում՝ հստակեցնելու, թե ինչ է խոսվել։ Ընդամենն ասվում է, որ պայքարի ուղուց շեղում չի լինելու։

«Բայց գործնական առումով մենք ոչ մի քայլ չենք տեսնում։ Հակառակը, օրեցօր ընդունվում են իրենց նախապայմանները, ու դա է արցախցու մոտ մտավախություն առաջացնում»,- նշեց Գալստյանը։

Արցախցի պատգամավորի դիտարկմամբ՝ Ադրբեջանը հայտարարում է, որ Արցախում ապրող «էթնիկ փոքրամասնության» հետ է հանդիպել, ու ոչ թե բանակցություններ, այլ շփումներ են եղել պաշտոնական Ստեփանակերտի ներկայացուցիչների հետ, մինչդեռ Արցախից հայտարարում են, թե բանակցություններ են եղել հումանիտար հարցերը կարգավորելու առումով։

«Այս ամենը Ադրբեջանի ծրագրի մաս է կազմում, որով փորձում են հիասթափեցնել արցախահայությանը։ Այստեղ իշխանությունների նկատմամբ վստահությունն իջեցվել է զրո մակարդակի, և հուսահատության ալիքի տակ փորձ է արվելու Արցախը հայաթափել»,- նշեց Գալստյանը։

Արցախցի պատգամավորի դիտարկմամբ՝ երբ Ալիևը հայտարարում էր, թե Արցախում 25 հազար հայ կա, երևի իր վերջնանպատակի մասին էր խոսում։ Գալստյանը նկատում է՝ հայաթափման հստակ քաղաքականություն է որդեգրել թշնամին։

«Այդ հայերն էլ կլինեն այն մարդիկ, որոնք, իր կարծիքով, կընդունեն Ադրբեջանի քաղաքացիություն, կամ այնտեղի օրենքներն ու Սահմանադրությունը։ Իսկ մեր իշխանությունների կողմից որևէ քայլ չի արվում դրա դեմ։ Որևէ կերպ չեն փորձում ժողովրդի մեջ վստահությունը բարձրացնելու, մարդկանց մոտ պայքարի կամքն ամրացնելու համար։ Հակառակը, իրենց կրավորական կեցվածքով ավելի են հիասթափեցնում արցախահայությանը»,- կարծիք հայտնեց Դավիթ Գալստյանը։

Ու այս ամենում, ըստ Գալստյանի, ցավալին այն է, որ Հայաստանի իշխանությունն ամբողջությամբ մենակ է թողել իրենց, իսկ Արցախի իշխանությունը կամք չունի, կամ չի գիտակցում, որ պետք է պահանջատեր լինի, պետք է Հայաստանից պահանջի՝ ապահովել իր անվտանգությունը, իր կողքին կանգնել։

Ավելին, պատգամավորը շեշտեց, որ Արցախի իշխանությունն իր քայլերով զրոյացնում է Հաագայի դատարանի միջանկյալ որոշումը, ըստ որի՝ Լարինի միջանցքը պետք է բացվի։

«Իրենց պատկերացրած «բանակցությունների» շրջանակում Արցախի իշխանությունը զրոյացնում է Հաագայի դատարանի որոշումը, և եղած ձեռքբերումն էլ դարձնում է ոչինչ։ Ավելին, մեր իշխանությունը կատարում է Ադրբեջանի բոլոր պահանջները։ Տպավորություն է, որ Արցախի իշխանությունը ճիշտ չի հասկացել Հաագայի դատարանի որոշումը, որը պարտադրում էր Ադրբեջանին ճանապարհը բացել, այլ երևի հասկացել է, որ պետք է մենք Ադրբեջանի պահանջները կատարենք։ Հակառակ դեպքում կստացվի, որ մեր իշխանություններն ուզում են միտումնավոր կերպով Արցախը բռնակցել Ադրբեջանին»,- նշեց նա։

Ըստ Գալստյանի՝ պետք է հստակ ջրբաժան լինի, ու եթե այս իշխանությունները հայտարարում են, որ պատրաստ են պայքարել, բայց հետո կատարում են Ադրբեջանի պարտադրանքը, նոր հակասություններ են առաջ գալիս։

«Այս ամենն ազդում է հասարակության վրա, և մարդկանց հասցնում են այն վիճակին, որ նրանք թողնեն ու գնան Արցախից, հեռանան իրենց տներից»,- ամփոփեց խոսքը Դավիթ Գալստյանը։

Նարե Գնունի