Ինչո՞ւ է լռում ՊՆ-ն

Ինչո՞ւ է լռում ՊՆ-ն

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանն է, ով շարունակում է հետևողականորեն աջակցել Փաշինյանի մանիպուլյատիվ պարտվողական քաղաքականությանը: 

ՊՆ-ի «խորհրդավոր» լռությունը 

Սեպտեմբերի 13-14-ի ռազմական ագրեսիայի հետեւանքով թշնամին հայտնվել է Հայաստանն Իրանին կապող միջպետական մայրուղուց 4,4 կմ հեռավորության վրա: Երեւան-Մեղրի ավտոճանապարհն այժմ ադրբեջանական զինված ուժերի ուղիղ եւ անմիջական դիտարկման ներքո է, սակայն ՀՀ ՊՆ-ն ո՛չ հաստատում, ո՛չ էլ հերքում է այս փաստը՝ այն համարելով ՀՀ պետական գաղտնիք: Երբվանի՞ց թշնամու տեղադիրքը (լոկացիան) ՀՀ սուվերեն տարածքում դարձավ պետական գաղտնիք պարունակող տեղեկություն, ի՞նչ հիմնավորմամբ: Տպավորություն է, որ ցավոտ իրողությունները հանրությունից թաքցնելու նպատակով ՊՆ որոշ պաշտոնյաներ պատրաստ են անգամ հատել տրամաբանության ու երեւակայության բոլոր եզրագծերը: Այս մասին գրում է «Հետքը»՝ թերևս արտահայտելով մեր հազարավոր քաղաքացիների տրամադրությունները, անհանգստությունները:
Ավելացնենք, որ մինչ այսօր ՊՆ-ն համառորեն չի հրապարակում նաև սեպտեմբերյան իրադարձությունների զոհերի ճշգրիտ թիվը, նրանց անունները: 

Որևէ մեկը չի խուսափելու պատասխանատվությունից 

Հայաստանում բոլոր որոշումները կայացնում է մեկ մարդ ու առհասարակ՝ Հայաստանում մեկ մարդու՝ Նիկոլ Փաշինյանի իշխանություն է, սակայն դա նրա ենթականերից որևէ մեկին, այդ թվում՝ Սուրեն Պապիկյանին, չի ազատելու պատասխանատվությունից:

Ժողովուրդը բոլորին հիշում է՝ անուն առ անուն ու գնալու է նրանց հետևից:

Վահրամ Բագրատյան