1,1 միլիարդ դրամ՝ մետրոյի նոր կայարան ունենալու համար

Առաջարկում ենք պետական բյուջեից մեր նախարարությանը 1 միլիարդ 100 միլիոն դրամ հատկացնել։ Այդ մասին այսօր կառավարության նիստի ժամանակ ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։ 

Նրա խոսքով՝ քաղաքային զարգացման ծրագրի շրջանակում Աջափնյակում մետրոյի նոր կայարանի կառուցման նախագծային ու նախահաշվային աշխատանքների համար է անհրաժեշտ այդ գումարը։

«Աշխատանքները բաղկացած են երեք փուլից, այժմ երկրորդ փուլում ենք, և կարիք կա վճարել նախագծող ընկերությանը։ Երևանի քաղաքապետարանն արդեն 545 մլն դրամ վճարել է, իսկ ընդհանուր առմամբ, անհրաժեշտ գումարը 1 միլիարդ, 848 միլիոն դրամ է։ Տարբերությունն էլ ինչ մնա, քաղաքապետարանը կտա»,- նշեց Սանոսյանը։ 

Նախարարից բացի, նախագծին անդրադարձավ նաև Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Նա տեղեկացրեց, որ 48 ամիս է տևելու կայարանի կառուցումը, այն ունենալու 1.5 կմ երկարություն։

«1980-ականների ծրագրի համեմատ որոշակի փոփոխություններ ենք իրականացրել։ «Թումո»-ի նույն մայթին, Հալաբյան-Աբելյան անկյունում է լինելու կայարանը, բաց տարածքում է լինելու շինարարությունը, վերևից ենք փորելու։ Երկրորդ փուլն ավարտելուն պես մենք կունենանք նախագիծ, որը կուղարկենք փորձաքննության»,- նշեց Ավինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։