Ինչո՞ւ եք անպաշտպան թողել երկրի ղեկավարի որդուն, որ նման իրավիճակում հայտնվի. Գեղամ Նազարյան
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր, զոհվածի հայր Գեղամ Նազարյանն անդրադարձավ զոհվածի մայր տիկին Գայանե Հակոբյանի ձերբակալությանը։
«Ես այս թեմայի մասին աշխատում եմ չխոսել։ Կոչ եմ անում զերծ մնալ հերոս տղայի մորը կալանավորելուց։ Հերթական անգամ բոլոր քաղաքական ուժերին կոչ եմ անում՝ հերոս տղերքի ծնողներին չուղորդել և նրանց կողքին կանգնել ոչ միայն այն ժամանակ, երբ միջադեպեր են լինում, այլ միշտ, որ իրավիճակը չհասցվի այս կետին, և որ հուզական վիճակում գտնվող ծնողները չհասնեն այս վիճակին, որ նման տհաճ բաներ չլինեն»,- ասաց նա։
Գեղամ Նազարյանի խոսքով՝ անբարոյականություն է օգտվել զոհված զինծառայողների ծնողների հուզական վիճակից։
«Այդ կինը միայնակ է մեծացրել իր որդուն, և պարզ է, որ նման հուզական վիճակում է։ Պետք չէ ծնողին դրդել, որ նման քայլեր անի։ Շատ-շատ ծնողների անունից եմ ասում՝ սա մեզ անցանկալի վիճակի մեջ է դնում»,- նշեց նա։
Պատգամավորը նաև իրավապահներին դիմեց՝ ասելով, որ անթույլատրելի է վարչապետի որդուն անպաշտպան թողնելը։
«Գուցե մի օր էլ մի տհաճ միջադեպ շատ ավելի վատ մարդկանց կողմից իրականացվեր։ Ասենք ինքն ինչո՞ւ պիտի անպաշտպան լիներ, որ նման վիճակում հայտնվեր»,- կարծիք հայտնեց Գեղամ Նազարյանը։
Մանրամասները` տեսանյութում