Հայաստանի տարբերվող քվեարկությունը․ ինչպե՞ս կարձագանքի Մոսկվան

Հայաստանի տարբերվող քվեարկությունը․ ինչպե՞ս կարձագանքի Մոսկվան

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան կասեցրել է Ռուսաստանի Դաշնության մասնակցությունը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին: Սա գլոբալ հակադրության հերթական դրսևորումներից մեկն է։
Նախկին ԽՍՀՄ-ի երկրներից Մարդու իրավունքների խորհրդին Ռուսաստանի անդամակցությունը դադարեցնելու մասին որոշմանը կողմ են քվեարկել Մերձբալթյան երկրները, Մոլդովան, Ուկրաինան և Վրաստանը: Այս մասով՝ ամեն ինչ հասկանալի է․ հետխորհրդային այն երկրները, որոնք ընտրել են եվրաատլանտյան ինտեգրացիայի ճանապարհը, համերաշխվում են արևմտյան օրակարգի հետ։
Դեմ են քվեարկել Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը։ Այստեղ էլ գրեթե ամեն ինչ պարզ է՝ ՀԱՊԿ անդամները՝ մեկ բացառությամբ, որի մասին կխոսենք ավելի ուշ, համերաշխվել են Մոսկվայի օրակարգի հետ։

Հայաստանը, Ադրբեջանը, Թուրքմենստանը չեն մասնակցել քվեարկությանը: 
Հայաստանի քվեարկությունը բխում է ռուս- ուկրաինական պատերազմի ժամանակ որդեգրված չեզոքության քաղաքականությունից, որը մեծ հաշվով՝ արդարացված դիրքորոշում է։ Պաշտոնական Երևանը չպետք է անի քայլեր, որոնք կարող են ուղղված լինել մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի դեմ, մյուս կողմից՝ Հայաստանը պետք է փորձի չփչացնել իր հարաբերություններն Արևմուտքի հետ։ Նման դիրքորոշումը Հայաստանի արտաքին քաղաքականության սուբեկտությունը պահպանելու նպատակ ունի։

Այլ խնդիր է, որ Հայաստանի մանևրելու հնարավորությունները սահմանափակ են ու կարծես՝ երեկվա քվեարկությունը պաշտոնական Երևանի համար «գլխացավանք» կարող է դառնալ, մանավանդ՝ Փաշինյանի մոսկովյան այցից առաջ։

ՀԱՊԿ բոլոր անդամները ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի երեկվա որոշմանը դեմ են քվեարկել։ Բացառություն է Հայաստանը։ Արդյո՞ք ՀԱՊԿ շրջանակներում որոշում է կայացվել, որը խախտվել է պաշտոնական Երևանի կողմից, թե՞ հայկական դիրքորոշումը համաձայնեցված է Մոսկվայի հետ։ Այս հարցի պատասխանը կստանանք առաջիկա օրերին։

Վահրամ Բագրատյան