Բաքվի հերթական հաղթանակը կամ Փաշինյանի «հաջողությունը»

Բաքվի հերթական հաղթանակը կամ Փաշինյանի «հաջողությունը»

Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովի վերջին աղմկահարույց հարցազրույցի նորությունն ամենևին էլ այն չէ, որ նա վերստին պնդում է, թե Հայաստանի Սահմանադրությունը պետք է փոխվի:

Այդ պահանջն արդեն վեց ամիս լսում ենք:

Կողմերն, ըստ Ամիրբեկովի, փոխադարձաբար ընդունելի տարբերակ են գտել նաև Ադրբեջանը Նախիջևանին միացնող ճանապարհի հարցում:

Պարզվեց՝ Երևանի ու Բաքվի փոխադարձ համաձայնությամբ խաղաղության համաձայնագրի նախագծից հանվել է տարածաշրջանային հաղորդակցություններին վերաբերող հոդվածը:

Ի դեպ, այս փաստը հաջորդ օրը հաստատվեց ՀՀ ԱԳՆ խոսնակի կողմից:

Փաստորեն, հերթական անգամ բանակցային գործընթացի նորության մասին մենք տեղեկանում ենք ոչ թե մեր պատկան մարմիններից, այլ հակառակորդ երկրի չորրորդական պաշտոնյայից:

Թե ինչո՞ւ է հայկական կողմն ինֆորմացիոն վակուում ստեղծում բանակցային գործընթացի շուրջ՝ կարծում եմ մեկնաբանություններն ավելորդ են:

Ի սկզբանե, խաղաղության գործընթացում մի քանի վիճահարույց խնդիրներ կային, որոնք վերաբերում էին ԼՂ-ին, դելիմիտացիայի/ դեմարկացիային, կոմունիկացիաների ապաշրջափակմանը:

Փաշինյանի «օգնությամբ» Ալիևը հաջողությամբ կլանեց Արցախը, իսկ հետո Հայաստանի փաստացի վարչապետին ստիպեց «կանաչեցնել» Հայաստանի մյուս «կարմիր գծերը»՝ դելիմիտացիայի/ դեմարկացիայի և կոմունիկացիաների ապաշրջափակման հարցերը դուրս թողնվեցին խաղաղության պայմանագրի քննարկվող տեքստից:

Ինքնին հասկանալի է, որ այս պարագայում խաղաղության պայմանագիրը որևէ կերպ չի լուծում Հայաստանի առջև ծառացած խնդիրները, անգամ չի երաշխավորում ինստիտուցիոնալ խաղաղությունը և Հայաստանի ապաշրջափակումը:

Բայց նույնիսկ այս պարագայում՝ Ադրբեջանը չի պատրաստվում խաղաղության պայմանագիր ստորագրել, որովհետև Հայաստանի առջև դրել է Սահմանադրությունը փոխելու պահանջ:

Այս մասին Հայաստանի ԱԳՆ-ն «խորհրդավոր» լռում է, իսկ իշխանամերձ շրջանակները հերթական անգամ ստում են՝ «դիվանագիտական հաջողություն» ներկայացնելով այն փաստը, որ «Զանգեզուրի միջանցքի» հարցն օրակարգից հանված է:

Կատարյալ սուտ, որովհետև այս հարցն ընդամենը հանվել է խաղաղության պայմանագրի տեքստից ու դրանից դուրս ճնշման գործիք է դառնալու Հայաստանի դեմ:

 

Վահրամ Բագրատյան