Ի՞նչ ռազմավարական նպատակ է հետապնդում Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը տարածաշրջանի և տվյալ պետությունների համար

Ի՞նչ ռազմավարական նպատակ է հետապնդում Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը տարածաշրջանի և տվյալ պետությունների համար

Թբիլիսիում տեղի է ունեցել Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի տրանսպորտի նախարարների եռակողմ հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են Միջին միջանցքի ներուժի լայն օգտագործման և այս միջանցքով անցնող Բաքու-Թբիլիսի-Կարս կենսական նշանակություն ունեցող երկաթուղու թողունակության մեծացման հարցեր։ Ինչպես նաև Փոթիի և Բաթումիի նավահանգիստների և Ալյաթ նավահանգստի միջև բլոկային գնացքի բացումը, չվացուցակների ներդաշնակեցումը և միասնական սակագների սահմանումը։

Դեռևս 1990-ական թթ. Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև երկկողմ մակարդակով քննարկումներ էին ընթանում տրանսպորտային համատեղ նախագծեր մշակելու և իրականացնելու շուրջ, իսկ 2000-ական թթ. սկզբներից, էներգետիկ համատեղ նախագծերին զուգընթաց, եռակողմ համագործակցության օրակարգում աստիճանաբար կարևորվեցին նաև տրանսպորտին առնչվող հարցերը:

Տրանսպորտային հարցերում երեք պետությունների համագործակցությունը ժամանակագրական առումով կարելի է բաժանել երեք փուլերի: Առաջին փուլը (1993-2002 թթ.) մեկնարկեց 1993 թ. հուլիսի 26-29-ը, երբ Անկարայում թուրք-վրացական համատեղ տրանսպորտային հանձնաժողովի նիստում քննարկվեց Կարսն ու Ախալքալաքը երկաթգծով միմյանց կապելու հեռանկարը: Հարցն արծարծվեց նաև 1997 թ. հուլիսի 14-ին Վրաստանում՝ Թուրքիայի և Վրաստանի նախագահներ Սուլեյման Դեմիրելի և Էդուարդ Շևարդնաձեի հանդիպման ժամանակ, ընդ որում՝ այդ շրջանում Թուրքիան նախագծի մասին բարձրաձայնել է նաև միջազգային հարթակներից: Ինչպես 1998 թ. հունիսի 9-ին Աստանայում կայացած թյուրքալեզու պետությունների գագաթնաժողովում Ս. Դեմիրելը կրկին ընդգծել էր Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու կառուցման նպատակահարմարությունը, այնպես էլ 1998 թ. դեկտեմբերին Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի Գլխավոր ասամբլեայի «Տրանսպորտը սևծովյան տարածաշրջանում» զեկույցում նույնպես նշվեց, որ Թուրքիան աշխատանքներ է տանում Կարսը վրացական երկաթուղիներին կապող նախագծի իրականացման ուղղությամբ:

Այսպիսով, կարելի է նկատել, որ առաջին փուլը բավականին պասիվ էր և սահմանափակվում էր լոկ հայտարարություններով, մասնավորապես Թուրքիայի կողմից, քանի որ այդ կերպ փորձում էր ամրապնդել իր ազդեցությունը Հարավային Կովկասում:

Հետաքրքրական է, որ Ադրբեջանը Հեյդար Ալիևի նախագահության տարիներին (1993-2003 թթ.) որևէ կերպ չէր մասնակցում նախագծի վերաբերյալ բանակցություններին: Դեռևս 2002 թ. ապրիլի 29-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հ. Ալիևը հայտարարել էր, որ Ադրբեջանը առանձնապես հետաքրքրված չէ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծով՝ դա համարելով «Վրաստանի ներքին գործը»:

Երկրորդ փուլ կարելի է ահմարել 2002-2007 թթ., որը նշանավորվեց երկաթուղու շուրջ բանակցությունների ակտիվացմամբ և դրանցում Ադրբեջանի ակտիվ ներգրավմամբ: Այս ժամանակաշրջանում ստորագրվեցին մի շարք փաստաթղթեր, որոնք նախապատրաստեցին տրանսպորտի ոլորտում Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան համագործակցության անցումը նոր փուլ: Ինչն էլ հաստատվեց 2002 թ. հուլիսի 20-21-ը Ստամբուլում Թուրքիայի և Վրաստանի տրանսպորտային գերատեսչությունների ներկայացուցիչների հանդիպման ժամանակ ստորագրված արձանագրությամբ:

Նախագծի հետագա զարգացումը նոր թափ ստացավ 2003 թ. Ադրբեջանում Իլհամ Ալիևի նախագահ դառնալուց հետո, որը անվերապահ աջակցություն հայտնեց այդ նախագծին: 2004 թ. հունիսի 14-ին Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հետ հանդիպման ժամանակ Ի. Ալիևը հայտարարեց, որ Ադրբեջանը սատարում է երկաթուղու կառուցումը և պատրաստ է ներգրավվել նախագծում:

2004 թ.-ից սկսած՝ Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի միջև ստորագրվեցին մի շարք փաստաթղթեր՝ ձևավորելով եռակողմ համագործակցության համար անհրաժեշտ իրավապայմանագրային դաշտ:

2007 թ.-ից սկսվեց երրորդ և ամենա արդյունավետ փուլը, որը նշմարվեց մի շարք փաստաթղթերի ստորագրմամբ և նախագծի արդեն գործնական իրականացմամբ:

Ի վերջո երեք պետությունների համար էլ նախագիծը ռազմավարական նշանակություն ունի: Այն Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի և Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղի հետ մեկտեղ Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան եռակողմ համագործակցության հիմքն է: Երկաթուղու գործարկումը նոր պայմաններ է ստեղծում երեք պետությունների միջև առևտրական հարաբերությունների զարգացման համար, նախևառաջ Վրաստանի:

Թուրքիայի համար երկաթուղին կարևոր նշանակություն ունի նրա հարավկովկասյան քաղաքականության համատեքստում: Չնայած Վրաստանի և Ադրբեջանի առևտրային կարևորագույն գործընկերներից մեկը լինելուն՝ Թուրքիան հարավկովկասյան տարածաշրջանի հետ չունի գործող երկաթուղային հաղորդակցություն, ուստի Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կարող է կարևոր դեր խաղալ Վրաստանի և Ադրբեջանի հետ առևտրաշրջանառության մեծացման հարցում, ինչն իր հերթին կամրապնդի Թուրքիայի ազդեցությունը Հարավային Կովկասում: Թուրքիայի՝ որպես խոշոր տնտեսություն ունեցող պետության համար այն նոր հեռանկարներ կբացի թյուրքալեզու պետությունների հետ առևտրական կապերի ամրապնդման տեսանկյունից, ինչի մասին 2013 թ. օգոստոսի 15-16-ը Գաբալայում կայացած Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի 3-րդ գագաթնաժողովում հայտարարել էր Ա. Գյուլը: Թուրքիան միևնույն ժամանակ շահարկում էր երկաթուղու նախագծին Հայաստանի հնարավոր մասնակցության հարցը՝ այն կապելով Արցախի (Լեռնային Ղարաբաղ) հակամարտության հետ: Դրա վկայությունն է 2013 թ. հուլիսի 3-ին Բաքվում Բ. Յըլդըրըմի հայտարարությունը, թե Հայաստանը կարող է օգտագործել այդ երկաթուղին, եթե Լեռնային Ղարաբաղը վերադարձվի Ադրբեջանին:

Ադրբեջանի համար երկաթուղին ունի առանձնահատուկ նշանակություն: Երկաթուղու գործարկումից հետո Ադրբեջանը ուղղակի երկաթուղային կապ կունենա իր համար ռազմավարական նշանակություն ունեցող Թուրքիայի հետ, ինչը կնպաստի երկկողմ հարաբերությունների էլ ավելի զարգացմանը: 2013 թ. հունիսին էլ Զ. Մամեդովը հայտարարեց, որ Հայաստանը չի կարող մասնակցել նախագծին, քանի դեռ Լեռնային Ղարաբաղը չի վերադարձվել Ադրբեջանին: Բացի այդ՝ այն Ադրբեջանի համար Վրաստանի արտաքին քաղաքականության վրա որոշակիորեն ազդելու միջոց է, ինչն առավել ակնհայտորեն դրսևորվեց Վրաստանում 2012 թ. հոկտեմբերին տեղի ունեցած իշխանափոխությունից հետո: «Վրացական երազանք» կոալիցիայի իշխանության գալուց շուրջ մեկ ամիս անց՝ 2012 թ. նոյեմբերին, Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետական նախարարը հայտարարեց, որ Վրաստանը ցանկանում է վերականգնել վրացաբխազական երկաթուղին, սակայն, նկատելով Ադրբեջանում այս հարցի շուրջ ծագած խիստ դժգոհությունը, հետագայում ընդգծեց, որ Վրաստանը չի ընդունի այնպիսի որոշում, որը կարող է հակասել վրաց-ադրբեջանական հարաբերություններին: Ադրբեջանի համար այս հարցն ունի սկզբունքային նշանակություն, քանի որ վերագործարկման դեպքում վրաց-աբխազական երկաթուղին մի կողմից հնարավորություն կտա Հայաստանին երկաթուղային կապ հաստատելու Ռուսաստանի և այլ պետությունների հետ, մյուս կողմից՝ կնվազեցնի երկաթուղու դերը Հարավային Կովկասով երկաթուղային փոխադրումների գործում:

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու նշանակությունը Ադրբեջանի համար աճում է նաև հետագայում Կարս-Նախիջևան երկաթուղու կառուցման հեռանկարի շնորհիվ: Դեռևս 2014 թ. հոկտեմբերին Թուրքիայի և Ադրբեջանի միջև ստորագրվել է արձանագրություն Կարս-Նախիջևան երկաթուղու կառուցման մասին: Նախագիծը թույլ կտա երկաթուղային հաղորդակցություն հաստատել Բաքվի և Նախիջևանի միջև՝ վերջինիս համար պայմաններ ստեղծելով միանալ Թուրքիայի երկաթուղային ցանցին և ամրապնդել արտաքին աշխարհի հետ տրանսպորտային կապերը: Ուստի պատահական չէ, որ Ադրբեջանը Թուրքիային նույնիսկ առաջարկել է 1 միլիարդ ԱՄՆ դոլարի վարկ տրամադրել նոր երկաթգիծ կառուցելու նպատակով: Բացի այդ՝ Թուրքիան և Ադրբեջանը այն դիտարկում են ոչ միայն որպես թուրք-ադրբեջանական հարաբերությունների օրակարգային խնդիր, այլև երկաթուղային տարանցիկ փոխադրումների իրականացման ներուժ ունեցող ծրագիր, որը կարող է Թուրքիան Նախիջևանով կապել Իրանի հետ:

2012 թ. մարտի 7-ին Նախիջևանում Թուրքիայի, Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարների ստորագրած հայտարարությամբ կողմերը համաձայնեցին ուսումնասիրել Բաքու-Թբիլիսի-Կարս և Նախիջևան-Ջուղա-Թավրիզ երկաթուղիների միացման հնարավորությունը:

 

Ռեբեկա Հովհաննիսյան