Բախում՝ ոստիկանների ու ցուցարարների միջև․ կան բերման ենթարկվածներ

Այսօր կեսօրից «Խաչակիրների» ջոկատը ակցիա էր սկսել Կառավարության դիմաց՝ պահանջելով, որ իրենց զենք տրամադրեն, որպեսզի գնան ու բացեն Հակարիի կամուրջը, որն Ադրբեջանը ապօրինաբար փակ է պահում։ 

Նշենք, որ Հայաստանից Արցախ ուղարկած հումանիտար օգնության բեռնատարները օրեր շարունակ կանգնած են Սյունիքի մարզի Կոռնիձոր գյուղում և առաջ գնալ չեն կարողանում՝ Ադրբեջանի տեղադրած անցակետի պատճառով։
Ակցիայի մասնակիցները Կառավարությանը մինչև ժամը 18։00 ժամանակ էին տվել, որ իրենց հստակ պատասխանեն՝ զենք տրամադրում են, թե ոչ։

Կառավարության կողմից պատասխան չստանալով՝ ակցիայի մասնակիցները որոշեցին իրենց ուժերով Կոռնիձոր հասնել։
Նրանք նույնիսկ փակ էին պահել Կառավարության հարակից փողոցը։ Ընթացքում կրքերը թեժացան, արդյունքում տեղի ունեցավ բախում ոստիկանների և ցուցարարների միջև․ կան բերման ենթարկվածներ։