Կարմրուկից 1 տարեկան 8 ամսական երեխա է մահացել․ պատվաստված չի եղել

 Կարմրուկից 1 տարեկան 8 ամսական երեխա է մահացել․ պատվաստված չի եղել

Առողջական ծայրահեղ ծանր վիճակով 1 տարեկան 8 ամսական երեխա է հոսպիտալացվել, ում մոտ ախտորոշվել է կարմրուկ: Փոքրիկն ունեցել է ուղեկցող մի շարք հիվանդություններ: Հայտնել է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Ժամերի ընթացքում երեխայի առողջական վիճակը կտրուկ վատացել է, որից հետո արձանագրվել է մահ:

Փոքրիկը կարմրուկի դեմ պատվաստված չի եղել: 

Հոկտեմբերի 25-ի դրությամբ` Հայաստանում գրանցվել է կարմրուկի լաբորատոր հաստատված 471 դեպք: 

Ներկայումս հոսպիտալացված է 4 հիվանդ։ Հոսպիտալացվածների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության: Դեպքերից 328-ը երեխաներ են, 143-ը` մեծահասակ: Արձանագրված կարմրուկի դեպքերի 93%-ը կարմրուկի դեմ չպատվաստված կամ թերի պատվաստված անձինք են:

Հիշեցնենք, որ կարմրուկի կանխարգելման միակ անվտանգ և արդյունավետ միջոցը պատվաստումն է: Հանրապետության բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բոլոր կազմակերպություններն ապահովված են կարմրուկի, կարմրախտի, խոզուկի դեմ համակցված պատվաստանյութերով:

Յուրաքանչյուր անձ, ով չի ստացել կարմրուկի դեմ նախատեսված պատվաստումները, կարող է դիմել պոլիկլինիկա և պատվաստվել:

Նշենք, որ աշխարհում կարմրուկի առումով համաճարակային իրավիճակն անբարենպաստ է: