Արցախը ոտքի կանգնեց

Այս րոպեներին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի է ունենում բազմամարդ հանրահավաք: Արցախցիներն այլևս հույսը կտրել են միջազգային հանրությունից, Ռուսաստանի խաղաղապահ առաքելությունից, անգամ՝ Հայաստանի իշխանությունից, ու փորձում են սեփական ուժերով հաղթահարել այն մարտահրավերները, որոնք կանգնած են Արցախի առջև:
Համազգային հանրահավաքի անոնսը երեկ երեկոյան տվել է պետնախարար Գուրգեն Ներսիսյանը՝ հանդես գալով ուղերձով:
«Վաղը, առավոտյան ժամը 9-ին բոլորս հավաքվում ենք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, որտեղ միասին կորոշենք մեր հետագա անելիքները», - հայտարարել է Արցախի պետական նախարարը:
«Հուսով ենք, որ գոնե այս անգամ և այս իրավիճակում Արցախում մեկնարկող համաժողովրդական շարժումը իր անհրաժեշտ արձագանքը կստանա Մայր Հայաստանում և Սփյուռքում», - ընդգծել է պետնախարարը: «Որքան էլ դառը կամ սահմռկեցուցիչ թվա, այդուհանդերձ, Ադրբեջանը Հայաստանի Հանրապետության, համայն հայության, եռակողմ հայտարարության երաշխավոր Ռուսաստանի Դաշնության և միջազգային հանրության լռության ու գրեթե անգործության ներքո մեզ տանում է նշածս հանգրվանը: Ես վստահաբար համոզված եմ, որ Արցախի ժողովուրդը այդ ամենին արժանի չէ և չի կարելի նրան նման փորձությունների ենթարկել: Ուստի, պետք է սթափվել ու ոտքի կանգնել», - ասել է Ներսիսյանը: Նա ընդգծել է, որ հիմա, երբ Արցախի ժողովուրդը կանգնած է ծանրագույն վտանգների առջև, պետք է ոտքի կանգնել, սկսել համաժողովրդական շարժում:
Այս պահին դժվար է կանխատեսել, թե ինչ ընթացք կստանան զարգացումներն Արցախում, դրանց ինչպես կարձագանքեն միջազգային դերակատարները, Ադրբեջանը:
Բայց մի խնդիր սկզբունքային է արդեն հիմա:
Գուրգեն Ներսիսյանի երեկվա խոսքում ակնհայտ դժգոհություն կար Հայաստանի անտարբերությունից, ինչն առաջին հերթին վերաբերում է իշխանությանը:
Դատելով սոցցանցերում տեղ գտած առաջին արձագանքներից՝ Հայաստանի իշխանությունը ու նրա կողմնակիցներն անթաքույց դժգոհությամբ եմ արձագանքում Ստեփանակերտի իրադարձություններին:
Ինչպիսի՞ն է լինելու Հայաստանի ընդդիմության, ժողովրդի արձագանքը: Արդյո՞ք Երևանում արձագանքելու են Ստեփանակերտի արձագանքին, թե՞ դարձյալ արձագանքը լինելու անտարբերությունը:
Վահրամ Բագրատյան